երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
France 2-ի եթերում հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի ժամանակ կներակայացվեն ՀՀ և ԱՂ առջև ծառացած մարտահրավերները

France 2-ի եթերում հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի ժամանակ կներակայացվեն ՀՀ և ԱՂ առջև ծառացած մարտահրավերները

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21։10-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23։10-ին), ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը, որը ֆրանսալեզու հեռուստադիտողին հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի մշակութային հարստությունները։
 
«Հաղորդումը նկարահանվել է Ֆրանսիայի ամենահանրահայտ պատմական կոթողներից մեկում՝ Վերսալյան պալատում։
 
Բացառիկ այս երեկոն, որը վարելու են նշանավոր հեռուստալրագրող Քլեր Շազալը և ֆրանսահայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Անդրե Մանուկյանը, նպատակ ունի նաև ֆրանսիական հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից 2022 թ․ դեկտեմբերից իրականացվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։
 
Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով Grand Echiquier-ի հատուկ թողարկմանը մասնակցում են ճանաչված երգիչներ Պատրիկ Ֆիորին ու Հելեն Սեգարան, հումորիստներ Մաթյո Մադենյան, հումորիստ և դերասան Պասկալ Լեժիտիմուսը, դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը, երգիչ Պատրիկ Բրյուելը, նշանավոր ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը և իրենց գործունեության ասպարեզներում մեծ հեղինակություն վայելող բազմաթիվ այլ մշակութային գործիչներ։
 
Թողարկման հատուկ հյուրերի շարքում են նաև հայտնի ճանապարհորդ, գրող և փիլիսոփա Սիլվեն Տեսոնը և Figaro Magazine պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որոնք ֆրանսիացի հեռուստադիտողներին հանգամանորեն կներկայացնեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները:
 
Երեկոյի ընթացքում, որդու՝ Նիկոլա Ազնավուրի ներկայությամբ հարգանքի տուրք է մատուցվելու նաև աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին՝ նրա «Ավե Մարիա» և «Նրանք ընկան (Ils sont tombés)» գործերի ինքնատիպ կատարումների միջոցով»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: