կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում. Փաշինյան

Էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում. Փաշինյան

Ճիշտ կլինի ասել, որ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում. դա Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Այս մասին այսօր «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ 500 հազարից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 1990-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով, իսկ մինչ այդ, ԽՍՀՄ-ի օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։

«2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ահազանգել է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժամանակ, սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և շատերը հիմա համարում են, որ հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։

 

  • Կիսվել: