ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանն ավելի ազատ է փորձելու խախտել զինադադարը. Դավիթ Բաբայան

Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանն ավելի ազատ է փորձելու խախտել զինադադարը. Դավիթ Բաբայան

Եկեք դեռեւս սպասենք որոշ ժամանակ, տեսնենք, թե ինչպիսի ընթացք է ստանում այդ գործընթացը. Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահությունը այն հարթակն է եղել, որը տարիներ շարունակ զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Մինսկի խումբը չեղարկվում է, քանի որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն ցանկանում այս ձեւաչափում Ռուսաստանի հետ շփումներ ունենալ:

«Միգուցե այդ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում սառեցվի, մենք դա կանխատեսել էինք, բայց դեռեւս վաղ է խոսել Մինսկի խմբի վերացման կամ ապամոնտաժման մասին, դեռ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են լինելու հետագայում:

Մենք մտածում էինք, որ կարող է սառեցվի այդ ձեւաչափը՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները հարաբերությունների սառեցումը կամ թեժացումը, բայց եկեք սպասենք: Սա մի հարթակ է, որ միջազգայնորեն է հաստատվել: Տեսնենք՝ ինչպես է գործընթացը զարգանում: Նույնիսկ եթե սառեցվի, բնական է, որ իրավիճակը տարածաշրջանում այդ կայունությունն ու խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների, Ռուսաստանի ներդրմամբ, շատ մեծ գործ է անում, վճռորոշ դերակատարություն ունի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք բրյուսելյան հանդիպումն էլ այդ համատեքստում էր, նա ասաց. «Ոչ, չեմ կարծում, սդա բոլորովին այլ գործընթաց է, իսկ Բրյուսելի հանդիպումը ավելի շուտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին: Իհարկե, դա փոխկապակցված է ղարաբաղյան հակամարտության հետ, բայց այնուամենայնիվ, դրանք առանձին գործընթացներ է:

Կան հարցեր, որոնք չեն առնչվում կամ շատ թույլ են առնչվում Ղարաբաղյան խնդրին, կան հարցեր, որոնք անմիջականորեն են առնչվում: Այն, որ այդ հանդիպմանը Արցախի մասին խոսք չի եղել, նշանակում է, որ զուտ կենտրոնացել են Հայաստանի եւ Ադրբեջան հարաբերությունների վրա»:

Հարցին,թ ե այդ դեպքում որտե՞ղ պետք է խոսվի Արցախի մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այդ հարցերը պետք է քննարկվեն ավելի լայն շրջանակում, նույն Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում, պետք է քննարկվի ՌԴ-ի ներգրավմամբ եւ այլն: Շատ ենք խոսել, որ չի բացառվում տարբեր հարթակներ ձեւավորվեն աշխարհաքաղաքական իրավիճակի կամ հավասարակշռվածության պահպանման ներքո:

Մեզ համար ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի: Տվյալ դեպքում վճռորոշ դերակատարություն ունի Ռուսաստանը: չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կցանկանան ապակայունացնել իրավիճակը այս գոտում: Այսինքն եթե նույնիսկ նրանք չշփվեն, կան ընդհանուր շահեր, որը խաղաղության եւ կայունության պահպանումն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելի հանդիպմանը Արցախի մասին խոսք չեղավ, Արցախի ԱԳ նախարարը նկատեց. «Այս հանդիպումը եղել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Ես չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, որ կարող է լինի որեւէ ՀՀ իշխանություն, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս: Դա հնարավոր չէ»:

Նա նկատեց, որ Մինսկի խումբը պաշտոնապես չի լուծարվել, կարող է սառեցվել նրա աշխատանքը, որն իմիջիայլոց, երկար ժամանակ սառեցված է 2020-ից հետո:

Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ընդհանրապես չի խոսվու, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, նա ասաց. ««Մենք միշտ ասել ենք, որ ունենք մեր կարմիր գծերը եւ ամենավառ արտահայտված կարմիր գիծը այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մենք ունենք մեր կարգավիճակը, ինքնորոշվել ենք բազմաթիվ անգամ»:

Հարցին, թե Արցախում կա՞ն մտահոգություններ, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվում են, առանցքային միջնորդ խաղա Արեւմուտքը, կարող է ռուս խաղաղապահների դուրսբերման հարց դրվի սեղանին, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Չեմ կարծում, որովհետեւ խաղաղապահները տեղակայվել են Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ: Մենք եւս կողմ ենք, որ Արցախում ռուս խաղաղպահները լինեն: Հենց ռուս խաղաղապահների առկայությունն է, որ պահպանում է եւ թույլ չի տալիս, որ լինի լայնածավալ պատերազմ: Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանի չի փորձելո՞ւ խախտել զինադադարի ռեժիմը: Ավելին, շատ ավելի ազատ է լինելու եւ կարող է լայնածաված պատերազմ էլ սկսել:

Իսկ ներկա իրավիճակում սադրանքներ եղել են, կան կլինեն, բայց մենք դրանով չպետք է որեւէ ձեւով սա մեզ անակնկալ լինի կամ վհատվենք: Ամոթ է ուղղակի: Ռուս խաղաղապահների դուրս բերումը կբերի Արցախի ոչնչացման»:

 

  • Կիսվել: