կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե հետ չենք գնալու, գոնե մի տեղ սարքեն, տանեմ իմ երեխայի նկարի մոտ ծաղիկ դնեմ. արցախցի կին

Եթե հետ չենք գնալու, գոնե մի տեղ սարքեն, տանեմ իմ երեխայի նկարի մոտ ծաղիկ դնեմ. արցախցի կին

Կառավարություն եկել եմ այն խնդրանքով, որ առաջինը մեր Արցախը հետ տան, մենք էլ վերադառնանք մեր տները: Այս մասին այսօր կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հադրութցի Անուշիկ Ասրյանը:

Նա նշեց, որ տարհանվել է երկու անգամ՝ նախ Հադրութից, ապա՝ Ստեփանակերտից:

՛՛44-օրյա պատերազմում համ տղաս է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին: Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք՛՛,-ասաց նա:

Կնոջ խոսքով՝ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել:

՛՛Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50 հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս:

Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չէ: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ՝ ամուսինս ու երկու որդիներս...՛՛,-նշեց նա

Անուշիկ Ասրյանն ասաց, որ ոչ մի հույս չունի:

՛՛Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտածեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: