Չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում․ Շահրամանյան
Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները և տեսնում ենք որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչումը իրենց համար առաջնահերթություն չէ, Շահրամանյանն ասաց. «Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Անհնարին է մոռացության մատնել Ցեղասպանության դրսևորումը»:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստան գալուց հետո Արցախի լուծարման հրամանագիրը չչեղարկեցիք, նա պատասխանեց. «Նախ, այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չունի: Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք և մեր տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ՝ ով կուզենա տեսնել Արցախը որևիցե իրավական խնդիր չունի»: