շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Ես պիտի կյանքեր փրկեմ»... Անմահ հերոս Միքայել Հովսեփյան

«Ես պիտի կյանքեր փրկեմ»... Անմահ հերոս Միքայել Հովսեփյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է պատերազմում նահատակված եՊԲՀ ուսանող Միքայել Հովսեփյանի պատմությունը.

««Մերօրյա հերոսները». Միքայել Հովսեփյան

Միքայել Հովսեփյան… Լուսավոր մարդ, գերազանց ուսանող … Այսպես են ընկերներն ու դասախոսները բնութագրում Արցախյան 2020 թվականի պատերազմում զոհված 20-ամյա Միքայելին:
 
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միքայել Հովսեփյանը ծառայում էր Թալիշում: 2021 թվականի հունվարին պիտի զորացրվեր: Մինչ ԵՊԲՀ ընդունվելը Միքայելն ավարտել էր «Հերացի» ավագ դպրոցը:
 
Հերոսի դասընկերուհին և կուրսընկերուհին՝ Գերցինա Պետրոսյանը, պատմում է, որ Միքայելը ծառայության էր մեկնում շատ ոգևորված: «Երբ նրան հարցնում էինք՝ ինչու է ընտրել հենց բժշկի մասնագիտությունը, պատասխանում էր. «Ես պիտի կյանքեր փրկեմ»: Համոզված եմ, որ հրաշալի մասնագետ էր դառնալու», - ասում է Գերցինան: Միքայելն ընտանիքի միակ զավակն էր: «Մոր համար նա ամեն ինչ էր: Եթե ասեմ, որ մեր Միքայելը լուսավոր անձ էր, դա կնշանակի ոչինչ չասել նրա մասին: Այդ փոքրամարմին տղայի մեջ այնքան ուժեղ ոգի կար, որ դժվար է պատկերացնել՝ նա այլևս մեզ հետ չէ: Ես, ուղղակի, չեմ կարողանում դա գիտակցել: Մենք պիտի նրա անավարտ գործն ավարտին հասցնենք», - ընդգծում է համակուրսեցին:
 
Քննությունների օրերին, շարունակում է նա, ծառայության մեջ գտնվող Միքայելը հաճախ էր զանգում ընկերներին, անհանգստանում նրանց համար: «Ցավալի է, որ համավարակի օրերին այդպես էլ չկարողացանք այցելել նրան», - հիշում է Գերցինան:
 
Միքայելի դասախոսներից Գայանե Մխիթարյանը պատմում է, որ նա շատ խելացի և ընդունակ ուսանող էր. «Ամեն րոպե միտքը բանակն էր», - ասում է դասախոսը:
 
Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Քրիստինե Եղիազարյանը բարձրահասակ և ուժեղ Միքայելին բնութագրում է որպես երիտասարդ, բայց արդեն ձևավորված տղամարդ: «Երբեք թույլ չէր տա իրեն դիտողություն անել: Ուժերի վերջինը ներդնում էր՝ լավագույնը սովորելու համար: Ինքն իր «ես»-ը միշտ ուներ: Կեցվածքը, միանշանակ, բժշկին հարիր էր: Իսկ պահվածքն այնպիսին էր, որ դասախոսներն էլ էին իրեն վերաբերվում որպես հասուն, ձևավորված մարդու, որպես արդեն կայացած բժշկի», - հպարտությամբ ասում է դասախոսը:
Ցանկացած հարցմանը, շարունակում է նա, Միքայելը կատարյալ գերազանցությամբ պատասխանում էր: «Տրամաբանությունը շատ ուժեղ էր, գերազանց էր սովորում, խմբից լիարժեքորեն տարբերվում էր: Եթե որոշ ուսանողների մոտ սովորելու ընթացքում դժկամություն էր լինում, նրա մոտ դա չկար: Միքայելը շատ լավ մասնագետ էր դառնալու: Իրական տղամարդուն բնորոշ բոլոր հատկանիշներն ուներ մեր Միքայելը. նրա ամեն խոսքն արժեք ու կշիռ ուներ: Նրանից սովորելու շատ բան ունեին կուրսընկերները», - թախիծով ավելացնում է դասախոսը:
 
Անմահ հերոս Միքայել Հովսեփյան… Խոնարհվում ենք…»:

  • Կիսվել: