երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանից ժամանած մանկական նյարդաբաններն Արցախում հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացնում

Երևանից ժամանած մանկական նյարդաբաններն Արցախում հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացնում

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում օգոստոսի 1-ից 5-ը Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Անաիդա Արսենյանը և Աստղիկ Մամյանը Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ են իրականացնում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ ցրույցում Աստղիկ Մամյանը տեղեկացրել է, որ չորս օրերի ընթացքում հետազոտել են շուրջ 200 երեխայի։

«Երկու ամիսը մեկ մանկական նյարդաբաններ են այցելում Արցախ՝ կարողանալով պահպանել երեխաների առողջության դինամիկ հսկողությունը։ Խնդիրներ ունեցող երեխաներին դեղորայքի, զարգացման հապաղման էտապները գտնվում են առավել ուշադրության կենտրոնում։ Ի տարբերություն մարտ ամսվա իմ այցի՝ այս անգամ հանդիպել եմ ավելի շատ առողջ երեխաների։ 200 երեխայից 50-ն առողջ էր»,-ասել է մանկական նյարդաբանը։

Նրա խոսքով՝ հետազոտություն անցած երեխաների շրջանում շատ են վարքի խանգարումներով, գլխացավով, էպիլեպսիայով տառապողները։ Մանկական նյարդաբան, ծննդով Արցախի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղից Անաիդա Արսենյանը մեզ հետ զրույցում ասել է, որ անցած շաբաթ եղել է Մարտակերտում և տեղում իրականացրել հետազոտություններ։

«Մարտակերտում շուրջ 70 երեխայի եմ հետազոտել։ Կային բավականին լուրջ խնդրով երեխաներ: Շրջաններում մասնագետի լուրջ խնդիր կա։ Այդ պատճառով երեխաների մի մասի բուժման ընթացքը նույնիսկ բարձիթողի վիճակում էր։ Կփորձեմ ինքս հաճախակի այցելել շրջաններ և տեղում հետազոտել երեխաներին»,-նշեց Ա. Արսենյանը։ Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ արդեն 1 տարի է, ինչ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախ են ժամանում տարբեր մասնագետներ, ովքեր տեղում իրականացնում են հիվանդների հետազոտություններ և խորհրդատվություն ներ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություններ։

«Արցախում մանկական նյարդաբանի բացակայության պատճառով Երևանից այցելում են մասնագետներ,հետազոտություններ և խորհրդատվություններ իրականացնում Հանրապետական բժշկական կենտրոնում, «Արևիկ» բուժմիավորումում,ինչպես նաև՝ հանրապետության շրջաններում,»,-հավելել է Ա. Իսախանյանը։

  • Կիսվել: