շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեխայի հետ պիտի իր լեզվով խոսես. «Թիկունք» զարգացման կենտրոնի տնօրեն Նունե Մուրադյան

Երեխայի հետ պիտի իր լեզվով խոսես. «Թիկունք» զարգացման կենտրոնի տնօրեն Նունե Մուրադյան

...Երբ հասնեք «Թիկունք» զարգացման կենտրոնի մուտքի մոտ, հավաքեք դռան հեռակապի համապատասխան նիշերը, և գրվի «error», չզարմանաք. պարզապես երեխաներն են քնած:

Այո, այստեղ հենց այսպես է հսկվում նրանց քունը, որպեսզի ոչինչ և ոչ ոք չխանգարի, չէ՞ որ քունը կազդուրիչ նշանակություն ունի և այնքա՜ն կարևոր է հատկապես աճող օրգանիզմի համար:

Իսկ է՞լ ինչ է հարկավոր փոքրիկներին. անշուշտ, ջերմ միջավայր ու առողջ մթնոլորտ: «Թիկունք»-ում թե՛ մեկն է առկա, թե՛ մյուսը: Առհասարակ՝ այստեղ ամեն մանրուք հատուկ մտածված է. սկսած վարագույրից, վերջացրած պատերով՝ ամեն ինչ մանկությամբ է շնչում: 13 փոքրիկներ ուրախ-զվարթ վազվզում են այս կողմ-այն կողմ, մինչ տնօրենը՝ Նունե Մուրադյանը, անձամբ իր ձեռքով նրանց համար հաց է պատրաստում:

InfoPort.am-ի հետ զրույցում տիկին Նունեն պատմեց, որ դեռ 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմից հետո, հիմնադրել է «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը, որն այսօր համագործակցում է Պաշտպանության նախարարության և Ոստիկանության հետ: «Զինվոր, բանակ, հայրենիք, ազգ»,-տիկին Նունեն նշում է իր համար առաջնային և գերկարևոր արժեքները՝ ընդգծելով, որ Ապրիլյան պատերազմից հետո, բազմիցս լինելով զորամասերում, շփվելով զինվորների հետ և ցանկանալով շարունակել հերոսական սերունդների հետագա կերտումը, իր առջև նպատակ է դրել՝ ստեղծել մանկական զարգացման կենտրոն, մանկապարտեզ, որտեղ երեխաներն ամենավաղ տարիքից կդաստիարակվեն ռազմահայրենասիրական ոգով և ապագայում ըստ արժանվույն կշարունակեն մեր հերոսների գործը:

Այսպես՝ արդեն մեկ տարի է, ինչ իր հյուրընկալ հարկի տակ «Թիկունքն» ընդունել և ամենայն սիրով ու հարազատ մայրիկի, տատիկի հոգատարությամբ պահում է 1-6 տարեկան փոքրիկների՝ ձգտելով տալ նրանց ամենալավը:

Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ մանկաբարձ տիկին Նունեն պատմեց, որ ինքը երեք երեխաների մայր է ու հինգ թոռների տատիկ: «Թոռնիկներս հեռու են, կարոտս իմ այստեղի երեխաներից եմ առնում»,-նշեց նա և հավելեց, որ ինչպես իրենց կենտրոնում, այնպես էլ՝ առհասարակ, չար երեխա չկա: «Չար չեն, ակտիվ են, երեխան պիտի ակտիվ լինի, բա հո ամբողջ ժամանակը ձեռքերը ծալած մի տեղ խելոք չի՞ նստելու»,-ծիծաղեց տիկին Նունեն:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցման կարիք ունի: Եվ իսկապես՝ համոզվեցինք, որ այստեղ բոլորը շրջապատված են սիրով ու հոգատարությամբ: Երեխաներն էլ իրենց հերթին թե՛ դաստիարակների հանդեպ են հոգատար, թե՛ միմյանց:

Մինչ բոլորը քնած էին, փոքրիկներից մեկն արթնացել ու շրջում էր սենյակներով: Նրա մասին խոսելիս տիկին Նունեն ասաց. «Հիմա մի բան տամ, ասեմ՝ կեր, չի ուտի, կսպասի՝ մյուսներն արթնանան, որ միասին ուտեն»:

Դե, մենք էլ, բնականաբար, սպասեցինք, մինչև փոքրիկներն արթնացան, և այստեղ սկսվեց եռուզեռը: «Սա ի՞նչ է որ, աղմուկ էլ չէ, այ երբ խաղու՜մ են»,- ժպտալով ասաց տիկին Նունեն և նշեց, որ երեխաների օրն այնքան հագեցած է, որ անգամ չեն հասկանում, թե ինչպես անցավ ժամանակը: «Երեխան պետք է մեծանա ազատ, ամեն ինչ խաղի միջոցով սովորի, նրան հոգատարություն է պետք, խաղալ է պետք, շփվել, որ օրը լցվի»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ երեխայի դաստիարակության գործում պետք է բացառել ագրեսիան ու խփելը: «Երեխայի հետ պիտի իր լեզվով խոսես: Եթե ուզում ես պատժել, զրկում ես, օրինակ, իր սիրած որևէ բանից»,- ասաց նա:

«Վիկան երեկ իրեն լավ չէր պահել, պապան «Քինդեռ» ձվիկ չտվեց, իսկ այսօր լավ է քնել, պապան «Քինդեռ» ձվիկ կառնի»,- ինքն իր մասին պատմելով՝ տնօրենի խոսքերը հաստատեց փոքրիկ Վիկան:

Այնուհետև նրա և մյուս բալիկների հետ շրջեցինք իրենց սենյակներով՝ իմանալու համար, թե ինչպո՛վ են խաղում, ինչպե՛ս են զբաղվում, և ի՛նչ կերպ են իրենց օրը գունեղ ու գեղեցիկ դարձնում:

Մեր հարցին, թե ինչ են անում մանկապարտեզում՝ փոքրիկներից մեկը պատախանեց. «Ես այստեղ աշխատում եմ»: Պարզվեց՝ ձեռքի աշխատանքով են զբաղված, ինչի մասին վկայում են փոքրիկ թաթիկներով պատրաստված բազմաթիվ նկարները, բացիկներն ու խաղալիքները: Մեկ ուրիշ փոքրիկ էլ առաջին հերթին նշեց. «Հաց ենք ուտում»:

 

Ի դեպ՝ հացն ու խմորեղենը տեղում են թխվում, ինչպես վերը նշեցինք՝ տնօրենն էլ իր ձեռքով համեղ ճաշեր է պատրաստում: Երեխաների համար սիրելի զբաղմունքներից մեկն էլ այս ողջ գործընթացին մասնակցելն է. իրենք օգնում են դաստիարակչուհիներին թխվածքաբլիթներ պատրաստել և հետո միասին վայելում են, չէ՞ որ միասին ավելի ուրախ է: Ընդհանրապես, երեխային իր հասակակցի հետ շփումն անհրաժեշտ է: «Ի՞նչ անի տանը փակված երեխան, նրան շփում է պետք, ակտիվություն»,- ասաց տիկին Նունեն և ընդգծեց, որ թեև մանկապարտեզը բակ չունի, սակայն երեխաների ֆիզիկական ակտիվության հարցի լուծումն իրենք գտել են՝ այգի են տանում, որտեղ էլ փոքրիկներն ուզածի չափ վազվզում են ու զբոսնում մաքուր օդին:

«Թիկունք»-ի փոքրիկները պատմեցին, որ կենտրոնում իրենք նաև երգել ու արտասանել են սովորում: Հատուկ մեզ համար նրանք իրենց թոթովախոս լեզվով երգեցին ու մայրիկին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին: Նրանցից մեկն էլ ավելորդ համեստություն չարեց. խոստովանեց, որ ինքը ամենախելացին է:

Հրաշալի է, իհարկե, երբ երեխայի զարգացումն ընթանում է ներդաշնակ, բարությամբ լեցուն մթնոլորտում. սա տիկին Նունեի երկու հիմնական նպատակներից մեկն է, սակայն նա նույնքան սրտացավությամբ ու հոգատարությամբ է վերաբերվում նաև մեր հասարակության մեկ այլ խոցելի շերտի՝ ծերերին: «Ինչու՞ պիտի մեր տատիկ-պապիկները խեղճ լինեն»,- նշեց տիկին Նունեն և ասաց, որ դեռևս անկատար է իր մեկ այլ նպատակ, այն է՝ ստեղծել տարեցների մանկապարտեզ: Այո-այո՛, հենց մանկապարտեզ: «Մարդիկ որքան ծերանում, այնքան ավելի են մանկանում»,- ասաց տիկին Նունեն: Ըստ նրա՝ տարեցները երեխաներից ոչ պակաս ունեն խնամքի ու հոգածության, սիրո կարիք և, իհարկե, արժանի են ստանալու այդ ամենը: Նրանց համար տիկին Նունեն ցանկանում է ստեղծել հատուկ կենտրոն, որտեղ տատիկներն ու պապիկները կհանգստանան, առաջին բուժօգնություն կստանան, կշփվեն միմյանց հետ, նաև կունենան փոքրիկ այգի, հող կմշակեն, անգամ՝ կենդանիներ կպահեն…

  • Կիսվել: