ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում մանկական միջոցառում է կազմակերպվել

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում մանկական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 1֊ին, ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է մանկական միջոցառում:

«Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանն ասել է, որ միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 700 երեխա:

«Մասնակիցները 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության, Արցախի ռուսական համայնքի, ինչպես նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի սաներն են։ Սա մեր առաջին ծրագիրը չէ երեխաների համար. դեկտեմբերի 27-ին կազմակերպել էինք Ամանորյա միջոցառում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ունենան հաճելի և ուրախ օր։ Նրանց հոգեբանական կայունության վերականգնման համար խիստ անհրաժետ են նման միջոցառումները»,-նշել է Մ. Հովսեփյանը:

Հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը, ով նախաձեռնության անմիջական մասնակիցն է, նշել է.

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը մենք մտածում ենք մեր երեխաների մասին՝ ինչպե՞ս են նրանք այսօր ապրում, ի՞նչ ապագա է նրանց սպասվու՞մ, և ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի նրանք մեծանան հաջողակ, և արժանի զավակներ լինեն իրենց երկրի համար։ Հիմա աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, այդ իսկ պատճառով հիմա դա առավել քան ակտուալ է»,-նշել է նա։

Վեցամյա Տիգրան Սարուխանյանը Ասկերանի  շրջանի Խնածախ գյուղից եկել է Ստեփանակերտ տոնական օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար:
 
«Իմ ընկերներին ցանկանում եմ խաղաղություն, որ ապրենք խաղաղ երկնքի տակ: Չեմ ուզում, որ պատերազմ լինի մեր երկրում։ Ուզում եմ, որ ապրենք մեր հայրենիքում»,-ասել է փոքրիկ Տիգրանը:

Երեխաներին զվարճացնելու և նրանց օրը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար միջոցառման տաղավար են այցելել մուլտհերոսներ, ինչպես նաև հատուկ նրանց համար կազմակերպվել է հյուրասիրություն. երեխաները քաղցրավենիք են ճաշակել։

  • Կիսվել: