չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվեն առավելագույն ջանքեր. պետական նախարար

Ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվեն առավելագույն ջանքեր. պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից:
 
Համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար  Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
 
Իր խոսքում ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ առավոտյան ներհանրապետական բոլոր ուղղություններով ճանապարհներն անցանելի էին, փակ էր միայն Քարվաճառ-Սոթք հատվածը: Չնայած ճանապարհը բացել և իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ այն օրվա ընթացքում  շարունակում էր մնալ դժվարանցանելի: Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ ծառայությունը  թեժ գծի միջոցով  և օնլայն հարթակում բնակչության հետ ապահովում է հետադարձ կապը՝ հորդորելով գիշերային ժամերին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
 
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյանմաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղի բնականոն երթևեկը:
 
Հաշվի առնելով, որ այսօրերին պաշտպանության բանակում տեղի ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը:
 
Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր:
 
Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
 
Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատանուժն ու տեխնիկական միջոցները:

  • Կիսվել: