շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չեմ կարծում, թե ԵԽ-ն այդ ներուժն ունի հակամարտության վերջնական կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում. Բեգլարյան

Չեմ կարծում, թե ԵԽ-ն այդ ներուժն ունի հակամարտության վերջնական կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում. Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Արցախում գրանցված արձագանքներին:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արտակ Բեգլարյանը նշել է, որ ցանկացած հանդիպում և ցանկացած հայտարարություն պետք է դիտարկել կոնտեքստի մեջ:

«Շառլ Միշելի անդրադարձը արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովմանը կարող էր դրական ընկալվել: Բայց եթե այդտեղ կա տողատակ ու կոնտեքստ, ապա դա կարող է լինել բացասական:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ միշտ նմանատիպ բանակցություններում երկու կողմերը հարցը տարբեր ձևով են մեկնաբանում: Բացասական գլխավոր խնդիրն այն էր կոնտեքստի տեսանկյունից, որ Արցախի էթնիկ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին է խոսվում խաղաղության պայմանագրի կոնտեքստում, որը մենք կարող ենք ընկալել, որ նրանք նկատի ունեն Ադրբեջանի կազմում:

 

Առավել ևս, որ նույն նախադասության մեջ Շառլ Միշելը նշում է «Ղարաբաղ»-ի, այլ ոչ թե «Լեռնային Ղարաբաղ»-ի մասին, ինչը Ադրբեջանի տերմինաբանությունն է, քանի որ իրենք ասում են, որ «Լեռնային Ղարաբաղ» միավոր գոյություն չունի: Իսկ մեզ համար սկզբունքային հարց է, որ միջազգային գործընկերները նախկինի պես շարունակեն օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը: Եթե Շառլ Միշելը ասեր` իրավունքների, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հարցը պետք է լուծվի, անվտանգություն ասելով` նկատի ունենար նաև կարգավիճակի հարցը և օգտագործեր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, ապա այդ հանդիպումը այլ կերպ կընկալվեր»,- ասել է Ա. Բեգլարյանը:

 

Պետնախարարի խոսքով՝ Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն, որովհետև դրա համար կա ձևավորված միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբ:

«Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և նաև պրակտիկայում իր արդյունավետությունը ցուցաբերած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստը և դրան հաջորդող շարունակական գործընթացներն ու պայմանավորվածությունները: Եվ մենք կարծում ենք, որ տվյալ դեպքում եվրոպական խորհրդի լավագույն անելիքը կարող է լինել արցախցիների հումանիտար իրավուքների, մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի լուծմանն աջակցելը: Ես չեմ կարծում, թե Եվրոպական խորհուրդն այդ ներուժն ունի հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում»,- ասել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: