ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն 9-10 մլն եվրո օգնություն կցուցաբերի Արցախում հակամարտությունից տուժած անձանց. Վարհե

ԵՄ-ն 9-10 մլն եվրո օգնություն կցուցաբերի Արցախում հակամարտությունից տուժած անձանց. Վարհե

Շատ տխրեցնող է ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհերի առկայությունը: ԵՄ-ն օգնություն կցուցաբերի հակամարտությունից տուժած անձանց: Այս մասին Երևանում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն։

Նա նշեց, որ խոսքը 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնության մասին է, որը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց։

«ԵՄ-ն պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտությանը հաջորդած իրավիճակում և աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը», - ասաց Վարհեն։

Իր հերթին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը երախտապարտ է ԵՄ-ին թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար:

«Հայաստանը հանձնառու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ», - ասաց Գրիգորյանը՝ ներկայացնելով եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկումների մանրամասները։

Մհեր Գրիգորյանը նաև փաստեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է։ Նրա խոսքով, այդ աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված 5 առաջնահերթ նախաձեռնություններին՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: