երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում էլեկտրաէներգիայի ծախսի սուբսիդավորման կարգի փոփոխության նպատակը հավասար պայմանների ապահովումն է. ոլորտի պատասխանատու

Արցախում էլեկտրաէներգիայի ծախսի սուբսիդավորման կարգի փոփոխության նպատակը հավասար պայմանների ապահովումն է. ոլորտի պատասխանատու

Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N851-Ն որոշմամբ՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգում կատարված փոփոխությունների նպատակը՝ սուբսիդիայից օգտվելու համար հավասար պայմաններ ապահովելն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը՝ պարզաբանելով Կառավարության որոշման՝ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները:

Ըստ այդմ՝ այսուհետ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով, այն պայմանով, որ մեկ բնակիչ-բաժանորդի համար սահմանվել է առավելագույն շեմ՝ տարեկան մինչև 3250 կՎտԺ: Ընդ որում՝ մայիս,հունիս,հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար մինչև 150 կՎտԺ էլեկտրաէներգիա, ապրիլ և հոկտեմբեր ամիսների համար մինչև 250 կՎտԺ, իսկ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար՝ մինչև 400 կՎտԺ էլեկտրաէներգիա:

«Հիմք ընդունելով չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար գործող արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման ծրագիրը՝ սույն որոշումը սահմանված է Արցախի Հանրապետության բոլոր համայնքների համար»,-մանրամասնել է Ա. Մեժլումյանը՝ ավելացնելով, որ ԱՀ գազաֆիկացված և չգազաֆիկացված համայնքներում համապատասխան հաշվետու ամսում բնակիչ բաժանորդը` մինչև սույն որոշմամբ սահմանված շեմը, էլեկտրաէներգիայի սպառման դեպքում կվճարի 1 կՎտժ-ի դիմաց 25 ՀՀ դրամ, իսկ սահմանված շեմից ավելի  էլեկտրաէներգիայի սպառման դեպքում՝ 1 կՎտժ-ի դիմաց ցերեկային ժամանակահատվածի համար՝ 49 ՀՀ դրամ, իսկ գիշերայինի համար՝ 44 դրամ:

«Արդյունքում հնարավորություն կընձեռվի սուբսիդավորման ընթացակարգից օգտվել հավասար պայմաններով, որը կլինի ավելի թափանցիկ և ավելի պարզ պայմաններով: Սուբսիդավորման քաղաքականության սկզբունքն է թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքների բեռը: Սակագնի այս շեմը սահմանելով՝ բնակիչ-բաժանորդները հնարավորինս կձգտեն խնայել էլեկտրաէներգիան, ինչի արդյունքում կունենան նաև ընտանեկան բյուջեի տնտեսում»,-ընդհանրացրել է ոլորտի պատասխանատուն:

  • Կիսվել: