երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԽ պատգամավորը Սյունիքում հանդիպել է Արցախի բժիշկներին

ԵԽ պատգամավորը Սյունիքում հանդիպել է Արցախի բժիշկներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսեն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր Սյունիքի մարզում հանդիպել են արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Բժիշկները ներկայացրել են շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները:
«Առկա իրավիճակից ելքը Ադրբեջանի վրա հասցեական ճնշումն ու կոնկրետ պատժամիջոցների կիրառումն է»,– ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Արձանագրվել է, որ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտություն կա` կանխելու վերահաս հումանիտար աղետը:

Գորիսում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին և մասնավորապես սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:

Կողմերը կարևորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:

Օրենսդիրները եղել են նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում, քննարկել պաշտպանական տարբեր մեխանիզմների ներդրման հարցը` տևական խաղաղության հասնելու նպատակով:

  • Կիսվել: