չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Դատապարտելի ենք համարում ցանկացած հիմնազուրկ ու անհամաչափ ուժի կիրառում Արցախի պաշտոնեության նկատմամբ. ՀԱՍԵ Արցախի թեմ

Դատապարտելի ենք համարում ցանկացած հիմնազուրկ ու անհամաչափ ուժի կիրառում Արցախի պաշտոնեության նկատմամբ. ՀԱՍԵ Արցախի թեմ

ՀԱՍԵ Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախի քաղաքապետերի ձերբակալության հետ:

«Օրերս տեղեկացանք ՀՀ իրավապահ մարմինների կողմից Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերի ձերբակալության մասին: Այս հանկարծահաս որոշմանն իրավական գնահատական տալը թողնելով ոլորտի մասնագետներին՝ մենք ավելի շատ մտահոգված ենք այս գործողությունների բարոյական հետևանքների և թաքնված դրդապատճառների առումով:
 
Մենք քաջածանոթ ենք վերոնշյալ համայնքապետերին, ովքեր ոչ միայն Հայոց Եկեղեցու զավակներ են և միշտ սիրով օժանդակում էին Արցախում մեր հոգևոր ծառայությանը, այլև հայրենասեր ու հարգված անձինք են իրենց համայնքի բնակիչների կողմից, ովքեր կանգնած են եղել Արցախյան ազատագրական պայքարի ակունքներում և վերջին շրջանում էլ երբեք չեն լքել իրենց հայրենակիցներին:
 
Այսօր էլ հիշյալ անձինք համախմբող ու միավորող ազդեցություն ունեն ՀՀ-ում ապաստան գտած իրենց համաքաղաքացիների շրջանում և հետաքրքիր զուգադիպությամբ այս հետապնդումները տեղի են ունենում ՀՀ սահմանազատման և սահմանագծման հետևանքով առաջացած ժողովրդական ընդվզմանը համընթաց:
 
Դատապարտելի ենք համարում ցանկացած հիմնազուրկ ու անհամաչափ ուժի կիրառում Արցախի պաշտոնեության նկատմամբ: Այս համապատկերում մեզ համար ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ պետական հովանավորչությամբ նորից շրջանառության մեջ է դրվել «արցախցիներ-հայաստանցիներ» վաղեմի ազգակործան թեզը՝ փորձելով այս նոր աճող շարժման միակ շահառու ներկայացնել Արցախից բռնի տեղահանված մեր ժողովրդին: Կարծում ենք ակնհայտ է, թե ժամանակին ում էր ձեռնտու այս ազգամիջյան բաժանումը»,-ասված է հայտարարության մեջ:
 

  • Կիսվել: