Դասասենյակ` հերոս շրջանավարտի անունով. Արեն Միրզոյանն այսօր կդառնար 20 տարեկան
Այսօր՝ հունվարի 14-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է կրթօջախի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արեն Միրզոյանի անունով, ով այսօր կդառնար 20 տարեկան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝
ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի փառքի սրահում հերոսների հիշատակին տեղադրված հուշատախտակին, ապա Արեն Միրզոյանի անվան դասասենյակում կազմակերպվել է արիության դաս, որի ընթացքում ներկայացվել է հերոսի կենսագրությունը, հնչել` նրա երաժշտական կատարումներից, իսկ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով ու երգերով:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը, Արեն Միրզոյանի ծնողները, հարազատները, Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: