հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դադիվանքում հայ հոգևորականները շարունակում են ծառայությունը, բայց ուխտավորների այցը դեռ կասեցված է. Արցախի թեմի առաջնորդ

Դադիվանքում հայ հոգևորականները շարունակում են ծառայությունը, բայց ուխտավորների այցը դեռ կասեցված է. Արցախի թեմի առաջնորդ

Մարտ ամսին 2 շաբաթ կապ չենք ունեցել Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականների հետ, հիմա այս հարցը կարգավորվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա նշեց, որ հնարավորություն չեն ունեցել ո՛չ սնունդ ուղարկել, ո՛չ կապ հաստատել, նույնը՝ նաեւ այնտեղի ռուս խաղաղապահների հետ էր. սակայն հարց արդեն կարգավորվել է։

«Հայ հոգեւորականներն իրենց ծառայությունն են մատուցում։ Սակայն ուխտավորների այցը շարունակում է կասեցված մնալ։ Մենք դիմել ենք, որ եթե հնարավոր լինի, Զատիկին ուխտագնացություններ կազմակերպենք, որ գնան պատարագի մասնակցեն»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 2021թ.–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդիպել էր Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ բարձրաձայնել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիդավանք վերսկսելու հարցի շուրջ։ Ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցություններ էին ընթանում, սակայն այդ հանդիպումից երեք ամիս անց էլ հայ ուխտավորները չեն կարող այցելել Դադիվանք։

Արցախի թեմի առաջնորդն այս ընթացքում բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել թե՛ տեղական իշխանությունների, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարի եւ նրանց հոգեւորականի հետ զրույցներում։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։

  • Կիսվել: