հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց Արցախի թեմն ադրբեջանցիներին առաջարկ է արել

Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց Արցախի թեմն ադրբեջանցիներին առաջարկ է արել

Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունները թույլատրելու վերաբերյալ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Գիտեք՝ նոյեմբերի 14-ից Դադիվանքի մոտ տեղեկայվել են ռուս խաղաղապահները, այդ ժամանակ սկսեցինք բանակցել ուխտագնացություններ կազմակերպելու վերաբերյալ։ Մենք ամիսը մեկ էինք ուզում ուխտագնացություններ կազմակերպել, հրամանատարը (նկատի ունի ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովին ,- խմբ․) առաջարկեց շաբաթը մեկ դարձնել։ Եվ այդպես, մենք ամեն կիրակի մոտ 60 ուխտավորների այց էինք կազմակերպում Դադիվանք։ Մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելեցին ուխտավորների այցերը», - ասաց սրբազանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմը ամեն կերպ բարդացնում ու ձգձգում էր ուխտավորների այցերը։ Սկզբում պահանջում էին ուխտավորների տվյալները, ապա ստուգման գործընթացն էին երկարացրել, հետո պատճառ էին բերում համավարակը, հետո էլ՝ Թարթառ գետի բարձրացումը։ Տեսնելով, որ հայկական կողմը համառորեն շարունակում է ուխտագնացությունները, վերջնական արգելեցին։ Արցախի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ այդ ամենը ադրբեջանցիների «ավելի խոսուն ներկայություն ունենալու» հետևանք էր։
 
«Վարդավառի օրը՝ հուլիսի 11-ին, ուխտավորների ավտոբուսը շարժվեց Դադիվանք։ Քիչ անց ինձ զանգեց ռուս խաղաղապահներից մեկը, ասաց, որ վերադարձնում են ավտոբուսը՝ ադրբեջանցիները թույլ չեն տվել։ Դա մեր վերջին փորձն էր։ Այժմ կրկին բանակցություններ ենք տանում, որ ուխտագնացությունները թույլ տան։ Նրանք Աղդաբան գյուղում (Մարտակերտում է, հայկական վերահսկողության տակ, - խմբ․) գուսանի գերեզման ունեն, որին ուզում են այցի գալ։ Մենք էլ առաջարկել ենք՝ Դադիվանքի դիմաց գերեզման այցեր թույլ տանք։ Դեռ գործընթացը շարունակվում է», - ասաց տեր Վրթանեսը։
 
Նա նշեց, որ այժմ Դադիվանքում վեց հոգևորական կա, որոնք կատարում են իրենց հոգևոր գործառույթները, բայցև տարածքում բանտված չեն, ազատ ելումուտ ունեն։
Տեր Վրթանեսը նշեց, որ մի քանի օր առաջ երեսուն ուդի են այցելել Դադիվանք՝ նրան շարքում եղել են թե՛ հոգևորականներ, թե՛ քաղաքացիական անձինք։ Աղոթելուց հետո հեռացել են։
 
armeniasputnik.am
 

  • Կիսվել: