ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, այլ ընդհանրապես հայ ժողովրդին․ Բակո Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին

Դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, այլ ընդհանրապես հայ ժողովրդին․ Բակո Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ առավել քան համոզված եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին: Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, ով այսօր անազատության մեջ է, և Սերժ Սարգսյանին՝ ում մեղադրանք է առաջադրվել:

«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:

Դիտարկմանը, որ այդ անձանց իշխանության ժամանակ «մարտի 1» է տեղի ունեցել, 10 մարդ է սպանվել, եւ այդ սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Բակո Սահակյանն արձագանքեց.

«Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունն ու զսպվածությունը եւ մեր խոսքը կառուցելիս, մեկնաբանությունները տալիս իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնցմասնակցությունը հայ ժողովրդի  նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաեւ դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»:

  • Կիսվել: