երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չնայած շրջափակման խնդիրներին՝ Ստեփանակերտի գրադարանները շարունակում են գործել. որոշներում ընթերցողների թիվն աճել է

Չնայած շրջափակման խնդիրներին՝ Ստեփանակերտի գրադարանները շարունակում են գործել. որոշներում ընթերցողների թիվն աճել է

Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցողների թիվը կտրուկ աճել է:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հանրապետական գրադարանի մեթոդիստ Նաիրա Խաչատրյանը մանրամասնել է, որ ընթերցողները մեծամասամբ դպրոցականներ են, ովքեր հիմնականում օգտվում են ծրագրային գրականությունից՝ Նար-Դոս, Ալեքսանդր Շիրվանզադե, Ակսել Բակունց:

«Ընթերցողների նախասիրությունները տարբեր են։ Շրջափակման պայմաններում փորձում ենք այնպես անել, որ ընթերցողը գրքի պակաս չզգա, անգամ եթե գրադարանում նրա նախընտրած գիրքը ժամանակավորապես չկա»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 176 հազար միավոր, իսկ տարվա կտրվածքով ունենում են մոտ 5000 ընթերցող։

Նրա խոսքով՝ մեծահասակները նախընտրում են պատմական, իսկ երիտասարդները սիրային թեմատիկայով կամ հոգեբանական գրականություն։

«Գրքերը հիմնականում ձեռք ենք բերում Ստեփանակերտի գրախանութներից, ֆոնդը համալրվում է նաև անհատական նվիրատվությունների շնորհիվ, այդ թվում՝ արցախցի հեղինակների գրքերով՝ նրանց անձնական գրադարանից»,-մանրամասնել է Ն․ Խաչատրյանը:

Հանրապետական գրադարանում շարունակում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, քննարկումներ։

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանն էլ ընդգծում է, որ ունեն մշտական ընթերցողներ, որոնց թիվը չի փոխվել:

«Մեր ընթերցողներն ուսանողներ են, աշակերտներ, տարեց մարդիկ: Կան նաև մանուկներ, որոնց համար ունենք համապատասխան բաժին, որտեղ ընդգրկված են հեքիաթների ժողովածուներ»,- ներկայացրել է տնօրենը:

Գրադարանում գործում է անվճար համացանցով ապահովված ընթերցասրահ, որից օգտվում են հիմնականում ուսանողները:

Ըստ տնօրենի՝ ընթերցողների նախասիրությունները տարբեր են․ ուսանողները նախընտրում են հիմնականում Րաֆֆու, Ակսել Բակունցի, Նար-Դոսի ստեղծագործությունները, աշակերտները՝ Դերենիկ Դեմիրճյանի, Վախթանգ Անանյանի, Հովհաննես Թումանյանի, իսկ մանուկները՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Գուրգեն Գաբրիելյանի։

Քաղաքային գրադարանի ֆոնդում առկա է 50 հազար կտոր գիրք, իսկ ընթերցողների թիվը տարվա կտրվածքով կազմում է շուրջ 3000:

Հարուստ և բազմաժանր է մայրաքաղաքի Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանի գրքային ֆոնդը, որը կազմում է ավելի քան 50 հազար 500 կտոր՝ դասական ու ժամանակակից գրականությամբ, ընդ որում՝ նաև արտասահմանյան:

Մանկական գրադարանի տնօրեն Նաիրա Աղաջանյանի խոսքով՝ ընթերցողները տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ նաև մանկավարժներ, ուսանողներ, ծնողներ, սակայն գերակշիռ մեծամասնությունն աշակերտներն են:

«Ունենք լուսավոր, ընդարձակ, հարմարավետ ընթերցասրահ, վերջերս էլ հեռուստացույց ենք նվեր ստացել, ինչը  հնարավորություն է ընձեռնում՝ դիտելու մուլտֆիլմեր և հետաքրքիր մանկական հաղորդումներ, կազմակերպելու երեխաների ազատ ժամանցը:

Այս ամիսներին ծավալուն միջոցառում դժվար է կազմակերպել, սակայն կրկնակի աճել է ընթերցողների թիվը, աշխուժացել հաճախումները: Աշխատում ենք սպասարկումը բարձր որակով իրականացնել, իսկ միջոցառումները կազմակերպվում են փոքր խմբերի ընդգրկմամբ»,- պատմել է տնօրենը:

Մանուկների կողմից հատկապես պահանջված են Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթները, ինչպես նաև Եզոպոսի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները: Մեծահասակների նախապատվության եռյակում Րաֆֆու, Հրանտ Մաթևոսյանի, Ակսել Բակունցի գրքերն են:

«Գրադարանն ընթերցողի պակաս չի զգացել: Միշտ ի գիտություն ենք ընդունում նրանց պահանջարկը և անում ամեն ինչ այն իրականացնելու համար։ Պահանջված է արտասահմանյան գրականությունը՝ թարգմանված հայերեն, ռուսերեն: Ամեն տարի ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որոշակի գումար է հատկացվում գրքեր ձեռք բերելու համար: Գրադարանը համալրվում է նաև նվիրատվության շնորհիվ»,-ընդհանրացրել է մանկական գրադարանի տնօրենը:

  • Կիսվել: