հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Բուհական ընդունելության ցուցանիշները տոկոսային հարաբերակցությամբ նույնն են մնացել. ԱՀ ԳԹԿ տնօրեն

Այս տարվա 710 դիմորդից Արցախի և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 401-ը:

Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը՝ նշելով, որ բուհերի ընդունելությունը կատարվել է երկու միասնական քննությունների արդյունքներով:

Նրա խոսքով՝ արցախյան բուհերում hայտագրված 461 դիմորդից ընդունվել է 306-ը, իսկ ՀՀ-ում Արցախին հատկացված տեղերը՝ 133 հավակնորդից համալրել է 95-ը, այդ թվում՝ 60-ն անվճար, 35-ը՝ վճարովի:

‹‹Ինչպես միշտ, առավելագույն թվով ՝ 33 դիմորդ ընդունվել է «Բուժական գործ» մասնագիտությամբ, ընդ որում՝ 21-ն անվճար, 12-ը՝ վճարովի: Բացի Արցախի պետական համալսարանի «Անգլերեն», «Թարգմանչական գործ» և «Հոգեբանություն» մասնագիտություններից՝ բոլոր բուհերում առկա են թափուր տեղեր››,- մանրամասնել է Յու. Քարամյանը, և ավելացրել, որ այս տարի ԱՀ բուհերում գերակշռում են ‹‹Իրավագիտություն››, «Հոգեբանություն, «Հայոց լեզու գրականություն, «Անգլերեն և «Թարգմանչական գործ» մասնագիտություններով ընդունվածները: Բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքներով՝ ամենափոքրաթիվը մանկավարժության գծով են ընդունվել:

ԱՀ ԳԹԿ տնօրենի հավաստմամբ՝ տոկոսային հարաբերակցությամբ բուհերի ընդունելության այս տարվա ցուցանիշները նախորդ տարիների համեմատ նույնն են մնացել: Բուհերի թափուր տեղերի համալրման համար հայտագրման գործընթացը կսկսվի այս տարվա հուլիսի 19-ից:

  • Կիսվել: