շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Բողոքի ակցիա ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև (Ուղիղ)

Բողոքի ակցիա ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև (Ուղիղ)

Արցախցիներն ակցիա են անում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաքացիներին վերադարձնել, իրենց խոսքով, Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։
Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց` հավաքվել են, որ արցախցիների սոցիալական հարցերը լուծվեն։
 
«Դրա ճանապարհը տեսնում ենք այսպես` Արցախից թալանած գումարները պետք է վերադարձվեն։ Մենք ամբողջ թալանի մասին չգիտենք, բայց մի մասից տեղյակ ենք, ու դրանք փաստաթղթերով 1.5 տարի առաջ ներկայացվել են դատախազություն։ Որոշ դրվագներով գործեր կան հարուցված, մի մասն էլ դեռ օդից կախված է։ Ինձ էլ քննչական կոմիտե են կանչել, այնտեղ ներկայացրել եմ Արցախում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սխեմաները։ Այդ գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին։ Սամվել Շահրամանյանից պահանջում ենք դուրս գալ ու ժողովրդին ասել, թե ինչպես է քաշելու այս ժողովրդի հոգսը։ Եթե չի գալիս, ուրեմն մենք կասենք` ինչ անի»,– ասաց Օսիպյանը։
Նա Շահրամանյանին հորդորեց գնալ ՀՀ գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել Արցախում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։ Օսիպյանի խոսքով` ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել, ու դրանք եղել են 48 ընտանիքի մոտ։ Նա ՀՀ դատախազությունից պահանջեց հրապարակել այդ ցուցակը, որպեսզի մարդիկ հատիկ առ հատիկ իմանան այդ անունները։
 
Ակցիայի ընթացքում լրագրողները մի քանի անգամ հորդորեցին անուններ ներկայացնել, թե ովքեր են այդ անձինք, ու ինչ պայմաններում են թալանվել այդ գումարները, բայց այդպես էլ պատասխան չստացան։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք իրենք անձամբ գնացել են դատախազություն, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց, որ ինքն այնտեղ չի եղել, փոխարենը այլ արցախցիներ են եղել, նրանց չեն ընդունել։ Այդ հարցերից հետո Օսիպյանը և ևս մի քանի արցախցի սկսեցին գոռգռալ և վիրավորել այնտեղ հավաքված լրագրողներին։ Տեղում գտնվող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը, իսկ Օսիպյանը հորդորեց որևէ լրագրողի հարցազրույց չտալ։
 
«Մենք ձեր կարիքը չունենք, մեզ «Ֆեյսբուքը» հերիք ա։ Մեր հավաքին մի՛ խառնվեք, բոլորդ կեղտոտ լրատվամիջոցներ եք, գնացե՛ք ստեղից»,– ասաց Օսիպյանը։
 
Որոշ ժամանակ անց նա կրկին մոտեցավ լրագրողներին և ասաց, որ այդ 467 մլն դոլարը այն գումարն է, որը Արցախին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Հավաքվածների մոտ իջան արցախցի պատգամավորներ, ու կրկին լարված իրավիճակ ստեղծվեց. նրանք սկսեցին մեկը մյուսի վրա բղավել։
 
«Այս քաղաքացիները, որ հավաքվել են այստեղ, բազմիցս խնդրել են հանդիպում նախագահի հետ, այդ հանդիպումները կայացել են։ Արցախի ներկայացուցչության դեմ ցանկացած սադրանք ուղղորդվում է Ալիևի և ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից։ Արցախի նախագահը արդեն եղել է դատախազությունում, դեռ 2023 թվականի նոյեմբերին հաղորդում ներկայացրել, իսկ փետրվարին գործ է հարուցվել։ Նա նաև հարցաքննվել է»,– ասաց պատգամավոր Աշոտ Դանիելյանը։
 
Այդ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցներից մի քանիսը բարձրացան դարպասների վրա և սկսեցին ցնցել ճաղերը։
 
Մի քանի կարմիրբերետավորներ մոտեցան, ակցիայի մասնակիցներին խնդրեցին նմանատիպ քայլեր չանել և հեռացան։

  • Կիսվել: