շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բերձորում, Աղավնոյում  և Ներքին Սուսում պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ են իրականացվում․ փոխնախարար

Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ են իրականացվում․ փոխնախարար

 «Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման  եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ հրապարակելով նաև նախագծի լուսանկարը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, մեկնաբանելով այդ հանգամանքը նշել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա,բայց չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։
 
«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել, պղծել ու ավերել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպենք Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։
 
 «Պետք է համապատասխան մարմինները բոլոր հնարավոր ձևերով աշխատեն, որպեսզի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից որոշակի քայլեր արվեն և այդ ամենը կանխվի»,-ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։
 
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանն էլ սադրանք է որակել հատկապես այս օրերին ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում հրապարակված նախագիծը՝ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու։
 
«Սակայն նաև վստահ պետք է լինենք, որ նման ծրագրեր Ադրբեջանն ունի։ Ճիշտ այնպես՝ ինչպես բոլոր այլ բռնազավթված տարածքներում։ Մենք պետք է մեր պետական միջոցներով, հասարակական լայն խավերի ներգրավմամբ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը։ Հարկ եղած պարագայում այդ գործընթացում պիտի ներառենք նաև միջազգային կազմակերպությունների»,-ընդգծել է Սերգեյ Շահվերդյանը։

  • Կիսվել: