շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանված կոթողներն իրենց ուրույն տեղը կունենան. փոխնախարար

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանված կոթողներն իրենց ուրույն տեղը կունենան. փոխնախարար

Ըստ քաղաքացիական պաշտպանության պլանի՝ Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուսի համայնքների բնակչության տարհանմանը զուգահեռ , շարունակվում է նաև մոնումենտալ արվեստի հուշարձանների տեղափոխման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ տարհանվող մշակութային ժառանգությունը ներառում է խաչքարեր, հուշակոթողներ, տապանաքարեր, թանգարանային ցուցանմուշներ և գրադարանային ֆոնդը:

«Արդեն ամբողջությամբ դուրս է բերվել Բերձորի քաղաքային գրադարանի ամբողջ գրքային ֆոնդը: Երեք համայնքներում էլ շարունակվում է մոնումենտալ արվեստի հուշակոթողների տարհանումը: Մոտ երկու տասնյակից ավելի կոթող արդեն տեղափոխվել է, նույնքանինն է ընթացքում է»,-ասել է Լ. Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ ամբողջ գործընթացն ավարտին կհասցվի նախատեսված ժամկետում:
 
Անդրադառնալով տարհանվող պատմամշակութային ժառանգության ժամանակագրությանը, փոխնախարարը մասնավորապես նշեց Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու 11-12-դ դարերով թվագրվող խաչքարը: Մեծ թիվ են կազմում ազգային հերոսներին, նշանավոր իրադարձություններին նվիրված հուշակոթողները: Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ տարհանված կոթողները Ստեփանակերտում և Հանրապետության այլ բնակավայրերում տեղակայելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ստացել:

Չի բացառվում, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքներում այդ նպատակով ստեղծվեն համապատասխան պուրակներ: ԿԳՄՍ փոխնախարարի հավաստմամբ՝ Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխված հուշարձաններն իրենց ուրույն տեղը կունենան Հանրապետությունում:

  • Կիսվել: