ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերձորի Թաթուլ Կրպեյանի անվան պուրակում կազմակերպվել է ծառատունկ՝ հերոսի ծննդյան 55 ամյակին նվիրված

Բերձորի Թաթուլ Կրպեյանի անվան պուրակում կազմակերպվել է ծառատունկ՝ հերոսի ծննդյան 55 ամյակին նվիրված

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 21-ին, Բերձորի՝ Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան պուրակում կազմակերպվել է ծառատունկ՝ նվիրված հերոսի ծննդյան 55 ամյակին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Նա տեղեկացրել է, որ տնկել են ավելի քան 12 ընկուզենիներ, որոնք տրամադրվել են «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի կողմից: Ծառատունկին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակիցներ, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության և «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամների ներկայացուցիչներ: Ի դեպ, նախատեսվում է հետագայում նաև ցանկապատել պուրակը՝ ապահովելով տնկիների աճեցումը:

«Համոզված ենք, որ նման միջոցառումները մեծ խթան կհանդիսանան, որպեսզի նոր սերունդը ևս գնահատի ու մեծարի հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած քաջարի մարտիներին: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ նախնիների կատարած սխրագործությունները պետք է հիշել և նրանց իսկ օրինակով դաստիարակվել»,-մասնավորապես ասել է Ն. Ալեքսանյանը:

Նշենք, որ Բերձորի Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը հիմնվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ:

  • Կիսվել: