հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեմում Համազգային թատրոնի դերասաններն են. Ստեփանակերտում ցուցադրվել է «Գծավորը» մանկական ներկայացումը

Բեմում Համազգային թատրոնի դերասաններն են. Ստեփանակերտում ցուցադրվել է «Գծավորը» մանկական ներկայացումը

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի «Արցախն ապրում է» խորագրով նախագծի շրջանակում այսօր` մայիսի 22-ին Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության պալատում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի կողմից  ցուցադրվել է «Գծավորը» մանկական ներկայացումը:

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի PR  խմբի պատասխանատու Գառնի Մութաֆյանը «Արցախպրես»-ի  հետ զրույցում շեշտեց, որ Արցախ են եկել մեծ մշակութային փառատոնով։  Պատերազմից հետո սա իր մասշտաբով ու տարողությամբ առաջին մշակութային փառատոնն է:
 
««Արցախն ապրում է» խորագրի ընտրությունը պատահական չէ,  քանի որ նախաձեռնության  նպատակը հետպատերազմական Արցախում մշակութային կյանքը ակտիվացնելն է և աշխարհին ցույց տալը, որ Արցախն ու արցախցին ապրում են: Նրանք շարունակելու են արարել բոլոր ոլորտներում, այդ թվում`  մշակութային», - նշել է Գ. Մութաֆյանը:
 
Համազգային թատրոնի դերասան  Գագիկ  Մադոյանի խոսքով`  Արցախն ու Հայաստանը նույն ջերմությունն ունեն, նույն հայրենիքն են։
 
 
«Մեզ համար կարևոր է մեր հանդիսատեսը, մենք այդքան էլ կարևոր չենք, որքան նրանք: Մենք եկել ենք մանկական ներկայացմամբ այն նպատակով, որ  երեխաները փոքր հասակից սովորեն ինչպես մտնել թատրոն, ինչպես դիտել ներկայացումը և ինչպես հասկանալ այն: Եթե մեր սերունդը համարում ենք կարծրացած, ապա թատրոնի միջոցով կարող ենք նոր սերնդին ավելի խաղաղ, խորը ու հետաքրքիր կյանք ապահովել հենց մշակույթի միջոցով: Ես այստեղ ինձ լիարժեք եմ զգում, ընկերներիս  ասում եմ, որ այստեղ հանգիստ ու հանդարտ է։  Ինձ հետ Արցախի փոքրիկների ժպիտներն եմ տանելու: Շատ դժվար է երեխաններին համոզել, որ դու լավ բան ես անում իրենց համար։ Այս երեխաները համոզված են դրանում»,- ասել է Գ. Մադոյանը:
 
Ներկայացման կազմակերպիչ և բեմադրող Մերի Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսեց բեմադրության մտահղացման մասին: 
 
«Հեքիաթներ կարդալով` ընտրեցի այս հեքիաթը, որը շատ սիրեցի: Մտածեցի, որ կարելի է մի օր բեմադրել։ Իմ ուսուցիչ, համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե  Գրիգորյանն ինձ առաջարկեց, մանկական բեմադրություն կազմակերպել։ Առաջին անգամ եմ Արցախում և շատ ուրախ եմ, որ հենց այս առիթով եմ այստեղ։ Մեծ տպավորություններ ունեմ այստեղից, քանի որ տեսա մարդկանց հյուրընկալ լինելը, սիրեցի այս վայրը ու այս հողի տերերին», - ասել է Մ. Մարգարյանը:
 
 
 
 

  • Կիսվել: