ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական շրջանակների 32 ներկայացուցիչներ ԼՂ խնդրով կոչով դիմել են Բելգիային ու ԵՄ-ին

Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական շրջանակների 32 ներկայացուցիչներ ԼՂ խնդրով կոչով դիմել են Բելգիային ու ԵՄ-ին

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։

 Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր:

Կոչում մասնավորապես ասված է՝

 Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում:

 Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար:

 Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով):

 Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը:

 Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց:

Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։

 

  • Կիսվել: