շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես (լուսանկարներ)

Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես (լուսանկարներ)

2023թ․ դեկտեմբերի 14-ից 2024թ․ հունվարի 15-ը, Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։

Ցուցահանդեսի բացման ներկա էին և խոսքով հանդես եկան նաև Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն,նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, Գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: