Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Նախորդ նիստում նշվել էին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, իբր, Գյանջայի հրթիռակոծությանը ներգրավված Հայաստանի զինված ուժերի որոշ զինծառայողների անունները։
Ներկայացված փաստաթղթերում նշվել էր, թե, իբր, «Հայաստանի Ստեփանավանի շրջանում տեղակայված ռազմական տեխնիկայի պահպանման 71-րդ բազայի հրամանատար, գնդապետ Արտաշես Ռաֆիկի Աջաթյանի, հրամանատարի տեղակալ Արա Արտուշի Սարգսյանի, մարտավարական հրթիռային «Էլբրուս» համակարգերի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Վազգեն Դավիթի Վարդանյանի, մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգերի դիվիզիոնի հրամանատար Տիգրան Նորայրի Վարդանյանի և մյուսների ղեկավարությամբ «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգը տեղափոխվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի տարածք»։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ի գիշերը ժամը 2-ին «8F44» տիպի մարտագլխիկով հրթիռը, իբր, դիտավորյալ ուղղվել և արձակվել է Գյանջա քաղաքի ուղղությամբ։