երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը․ Արցախի թեմ

Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը․ Արցախի թեմ

ՀԱԵ Արցախի թեմն այսօր Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական քաղաքական ղեկավարության դատավարության մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ. 

«Ազատութիւն` եղբարց մերոց գերելոց

Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է:

Մինչ օրս պետական մակարդակով գործադրվող ջանքերի առայժմ տեսանելի անարդյունավետությունը և ադրբեջանական կողմի վճռականությունը ստիպում են մեզ լինել ավելի վճռական ու միասնական՝ պաշտպանելու մեր ժողովրդի զավակների արդար դատը:

Անկախ մեր քաղաքական հայացքներից, սուբյեկտիվ վերաբերմունքից ու համոզմունքերից, պետք է գիտակցենք, որ այսօր ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և առհասարակ բոլոր պատանդները մեղադրվում են գլխավորապես այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության, իսկ այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:

Ուստի սիրելիներ, հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթելու և խնդրելու, որ  ամենակարողն Աստված մեր ազգի համար բացի իր արդարության և գթության դռները, զորացնի գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարին այս փորձություններն ու հալածանքները»:

 

  • Կիսվել: