շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Բաքվի աղաղակող «մեղադրական եզրակացությունը» ընդդեմ Ռուբեն Վարդանյանի իրավական ֆարս է. Արցախի Պահպանության Կոմիտե

Բաքվի աղաղակող «մեղադրական եզրակացությունը» ընդդեմ Ռուբեն Վարդանյանի իրավական ֆարս է. Արցախի Պահպանության Կոմիտե

Ադրբեջանի դատախազության՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հրապարակած ավելի քան 200 էջանոց մեղադրական եզրակացությունը ոչ միայն ուղղված է նրա դեմ, այլ իր իրավական ու փաստական աղճատումներով ընդլայնում է տարածաշրջանում արդեն օգտագործվող քաղաքական հետապնդումների գործիքակազմը և լեգիտիմացնում «պատանդների արդարադատությունը» որպես պետական քաղաքականություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պահպանության կոմիտեն։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նախորդ երեք տարիներին հայկական ինքնության դեմ իրականացված քաղաքական բռնությունները, Լաչինի միջանցքի արգելափակումը, հումանիտար ճգնաժամի ծրագրված սանձազերծումը և միջազգային դատարանների վճիռների բացահայտ արհամարհումը ցույց տվեցին, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ոտնահարել անգամ ամենաբարձր մակարդակի միջազգային պարտավորությունները՝ ապահովելու իր ցանկալի ներհասարակական դասակարգավորումները։ Ռուբեն Վարդանյանի փաստաթղթերով հաստատված բարձր հեղինակությունն ու մարդասիրական գործունեությունը դատախազությունը վերածել է իբր «ահաբեկչության ֆինանսավորման», իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը — «հանցավոր կառույցի»։ Եթե այս կեղծ «իրավական» շղթան չկոտրվի, վաղը նույն մեթոդաբանությունը կարող է կիրառվել ցանկացած ժողովրդի, լրագրողի, բժշկի կամ ուսուցչի նկատմամբ, որի գործունեությունը հակասում է ներկա իշխանությունների քաղաքական օրակարգին։

Արցախի Պահպանության կոմիտեն հայտարարում է․

  • ԼՂՀ-ն «հանցավոր կազմակերպություն» անվանելը միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների բացահայտ խախտում է։
  • Վարդանյանին հետադարձ պատասխանատվության ենթարկելն կոպտորեն տապալում է nullum crimen sine lege և արդար դատավարության սկզբունքները։
  • «Սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքը անտեսում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխիքները՝ հաստատելով, որ ձերբակալությունը համարժեք է պատանդառության։
  • «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «ահաբեկչության» հետ կապելու պնդումը ռևիզիա է միջազգային բարեգործական համակարգի նկատմամբ և վտանգում է համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունների անվտանգությունը։

Մենք կոչ ենք անում․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵՄ, ԵԱՀԿ, ԱՄՆ, ՌԴ — հրապարակային և մեկ միասնական պահանջ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ պատանդների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

Սահմանել թիրախային տնտեսական և վիզային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս իրավական ֆարսի կազմակերպման համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, ԵԽԽՎ — անհապաղ մուտք գործել Բաքու, փաստագրել մարդու իրավունքների շարունակական խախտումները և զեկույց ներկայացնել Անվտանգության խորհրդին։

Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի այս վտանգավոր նախադեպը, վաղը նույն մեխանիզմը կուրորեն կուլ կտա աշխարհի ցանկացած անկյունի անզեն բնակչությանը՝ առանց աչք թարթելու։

  • Կիսվել: