հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հայտնել ՌԴ-ին՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը գործածելու կապակցությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հայտնել ՌԴ-ին՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը գործածելու կապակցությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը գործածելու կապակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անընդունելի է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ Ուկրաինային ուղարկված մարդասիրական օգնության համատեքստում։

Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր եւ բարձր մակարդակներով բազմիցս արված հայտարարություններում հաստատվել է աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Ընդ որում, երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում այս դիրքորոշումը եւս մեկ անգամ ամրագրված է։

Ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, նախկինում եւս եղել են դեպքեր, երբ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներն այս անվանումով են նշվել։ Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին եւ հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը կոչ է անում դադարեցնել մեր երկրի ինքնիշխան տարածքները կոչել վարչատարածքային միավորների այնպիսի անուններով, որոնք Ադրբեջանի Հանրապետությունում գոյություն չունեն»:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Մեզինցևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը և Սիրիայի Արաբական Հանարպետությունը Ուկրաինայի ժողովրդին  հումանիտար օգնություն են ցուցաբերել: Այսպիսով ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավասարության նշան է դրել ՄԱԿ-ի անդամ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ առանձնացնելով այն իբրև ինքնուրույն պետական միավոր:

  • Կիսվել: