հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքուն հետապնդում էր 3 նպատակ՝ փոխել ստատուս-քվոն, վարկաբեկել խաղաղապահների դերը, ստուգել մեր զգոնությունը. Թովմասյան

Բաքուն հետապնդում էր 3 նպատակ՝ փոխել ստատուս-քվոն, վարկաբեկել խաղաղապահների դերը, ստուգել մեր զգոնությունը. Թովմասյան

Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ  Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս  Տողրամաճյանն  ընդունել է Կիպրոսում գտնվող  արցախյան պատվիրակությանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և  անդրադարձել տարածաշրջանային վերջին զարգացումներին, հատկապես  մարտյան իրադարձություններով պայմանավորված մեր այժմյան իրավիճակին։

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ  2022 թ․ մարտի 23-ին Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս- ուկրաինական հատուկ  ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը , Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։

Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ․ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝

•         Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,

•         վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,

•         ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»,- իր խոսքում շեշտել է Արթուր Թովմասյանը։

ԱԺ նախագահը վստահ ընդգծել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։

Արթուր Թովմասյանը համոզված է, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։

Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս  Տողրամաճյանը  ներկայացրել է Կիպրոսի հոգևոր կյանքի անցած ճանապարհը և թեմի գործունեությունը։

Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս  Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր  հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։

  • Կիսվել: