հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում. Թևանյանը ներկայացրեց 10 թեզ

Բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում. Թևանյանը ներկայացրեց 10 թեզ

Մենք պայքարի երկար փուլ ենք անցել միասին, հիմա մտնում ենք նոր փուլ։ Փորձ ձեռք բերած ու ավելի հասունացած վիճակում։ Այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է։ Այն էստաֆետը վերցնում է 88–ի շարժումից, Արցախում տեղի ունեցած SOS հնչեցնող հավաքից և իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլին։ Սա Հայաստանի գոյության կռիվն է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց. ՛՛Ես հիմա կներկայացնեմ 10 թեզ Հայաստանի ու Արցախի ապագայի մասին, անելիքի մասին։

Թեզ 1-ին

Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: Պարտության դեմքը աշխարհին բերում է այն տեսակետին, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի պահանջների հետ ու պատրաստ է այն ամրագրել թղթի վրա՝ Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դնելով Հայաստանի գոյությունը:

2019-ին նա ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Այսօր նա ասում է՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ»: Չի՛ կարելի է թույլ տալ, որ վերջում ասի՝ «Երևանը Հայաստան է, և վե՛րջ», ինչն ինքը, հավանաբար, պլանավորում է անել Վաշինգտոնի կամ Փարիզի իր թաքստոցից:

Թեզ 2-րդ

Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Նոր բանակցողը չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը և, միևնույն ժամանակ, չպետք է տղայական կեղծ ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ հանդես գա։ Երկու դեպքում էլ պատերազմ ու պարտություն ենք ստանալու։ Մինչդեռ մեզ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք։

Թեզ 3-րդ

Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր: Դա միջազգային արկածախնդրություն է, և միայն կորուստներ է բերում մեզ։

Թեզ 4-րդ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ։

Թեզ 5-րդ

Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:

Թեզ 6-րդ

Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը:

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Թեզ 7-րդ

Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել․ առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

Թեզ 8-րդ

Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը:

Թեզ 9-րդ

Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք տեր զգալ։

Չորս տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին միայն ծանր կյանք, պատերազմներ ու կորուստներ:

Բանանի գնի իջեցման մասին էին խոսում չորս տարի առաջ, այսօր տեղական կարտոֆիլն ու լոլիկն են դառնում բանանի գնի կամ ավելի թանկ: Ինչ վերաբերում է թալանին, ապա սրանք այդ հարցում բոլորի գլուխները լվացին ու հեղափոխական կոչված օլիգարխիա ձևավորեցին։ Այդպես է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները:

Թեզ 10-րդ

Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական–քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն։

Այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշտության օգտագործենք խորհրդարանական և արտախորհրդարանական աշխատանքների բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես մեր օրակարգով։

Եվ ուրեմն՝

Հայաստա՛ն, ոտքի՛

Արցա՛խ, ոտքի՛

Ժողովո՛ւրդ, ոտքի՛

Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի՛՛:

  • Կիսվել: