կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բակո Սահակյանը չի իմացել ու չի հավատացել, որ բանակցություններ կան. Սերժ Սարգսյան

Բակո Սահակյանը չի իմացել ու չի հավատացել, որ բանակցություններ կան. Սերժ Սարգսյան

Եթե հիշում եք, Լավրովն արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է վերջապես անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, բանակցություններ տեղի չեն ունենում: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի բանակցային կողմի մասին:

՛՛Իհարկե, իրենք խճճվում էին իրենց ստերում: Բայց ես 100 տոկոսով գիտեի, որ բանակցություններ կային: Այդ մասին ես ասել եմ Արցախի ղեկավարությանը: Ասել եմ, որ այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու: Խոսքը Բակո Սահակյանի մասին է: Նրանց տեղյակ չեն պահել բանակցությունների մասին: Ես նրան ասում էի, որ նման բան կա, որևէ բան չէր ասում, հարցնում էր սրանց, սրանք ասում էին, որ չկա: Քանի որ նա շատ ազնիվ մարդ է, ինձ ասում էր, որ չկա: Բակո Սահակյան իր իշխանության օրոք չի իմացել, որ բանակցություններ կան, նաև չի հավատացել, որ կա՛՛,-նշեց նա:

Սարգսյանի խոսքով՝ ի վերջո, ներկայիս իշխանությունները եկան այն եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, քանի որ միակողմանիորեն պետք է հանձնվեին 5 շրջաններ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց:

՛՛Որպեսզի այդ փաստաթուղթը ջրեն ու ցույց տան, թե ինչպիսի բանակ ունենք, կազմակերպվեց Տավուշի դեպքերը: Իսկ եթե այդ մտքով չի արվել, եղել է դիրքային բարելավում, ինչի մասին զինվորականները չեն իմացել, սրանք դա օգտագործեցին այդ նպատակով՛՛,-հավելեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մենք 94 թվականից հետո բազմաթիվ դիրքային բարելավումներ ենք ունեցել: ՛՛Հարցրեք այն ժամանակվա բոլոր կորպուսների հրամանատարներին, հարցրեք այսօրվա ԳՇ պետին, ով այն ժամանակ գնդի հրամանատար էր, կորպուսի հրամանատար էր: Մենք 12 կամ 13 թվականներին ունեցել ենք մի դիրքային բարելավում, որն առնվազն 100 քռ/կմ էր, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե այդպիսի բաները գովազդում ես, անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ինչ-որ տեղ պետք է պատասխան տա:

Ալիևը մեզանից սովորել էր լռել: Երբ նա 18 թվականին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց։ Հասկացավ, որ կարևորը հայտարարելը չէ, բարելավելն է՛՛,-ասաց նա՝ նշելով, որ ՛՛կամ դու պետք է աշխատես աչոկ հավաքելու համար, կամ քո նպատակը պետք է լինի աշխատելով մի բան առաջ գցել՛՛: ՛՛Ես չեմ ասում, որ չպետք է մտածես քո վարկանիշի մասին, սակայն դա չպետք է լինի քո նպատակը՛՛,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: