ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բացօթյա առևտրի նպատակով համայնքային հողն ապօրինի զավթելու ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել և հետաքննություն է ընթանում․ ԱՀ դատախազություն

Բացօթյա առևտրի նպատակով համայնքային հողն ապօրինի զավթելու ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել և հետաքննություն է ընթանում․ ԱՀ դատախազություն

Ընթացիկ տարվա  հուլիսի 7-ին փաստաբանի կողմից ԱՀ դատախազություն ներկայացված և քննարկման համար ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն ուղարկված հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում պարզվել էր, որ տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի զավթվել էր Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյանի փողոցի թիվ 24ա հասցեում տեղակայված համայնքային հողամասը և ինքնակամ, առանց թույլտվության, այնտեղ տեղադրվել տերմինալ-ապարատներ, սուրճի պատրաստման ապարատներ և սառնարաններ, իսկ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ միջոցներ չեն ձեռնարկվել համայնքային հողի անօրինական զավթումը վերացնելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից՝ հավելելով, որ նկարագրված դեպքի կապակցությամբ  2022 թվականի հուլիսի 21-ին  ոստիկանության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցանքների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով ներկայումս իրականացվում է հետաքննություն:
 
Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներից մեկի կողմից այս տարվա հուլիսի 25-ին  գրավոր հաղորդում էր ներկայացվել դատախազություն վերոգրյալ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած փաստաբանի կողմից ինքնիրավչություն կատարելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ, որը նույնպես ուղարկվել է հետաքննության մարմնին՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
 
Նկարագրված դեպքերը վերջին օրերին դարձել են հանրային քննարկման առարկա, որի շրջանակում հնչել են տարբեր բնույթի մեկնաբանություններ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, այդ թվում փորձ էր արվել կասկածի տակ դնել ԱՀ դատախազության անաչառությունն ու անկողմնակալությունը:
 
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ թեև դատախազությունը հարգանքով է վերաբերում բոլոր տեսակի քննադատություններին և ազատ արտահայտվելու անձի սահմանադրական իրավունքին, այդուհանդերձ որևէ կերպ չի կարող տրվել և չի տրվելու դրանցից ենթադրվող ճնշմանը, ուստի խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններ տարածելուց և գործել բացառապես օրինականության դաշտում: ԱՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները սահմանադրական այս նորմի պատշաճ գործողությունն ապահովելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: