երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմից այսօր զինադադարը կրկին խախտելու հետ:

՛՛Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։

Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակ է բացել, ինչի արդյունքում այրվել է տեղի բնակչի ավտոմեքենան:

Տեղեկացրել էինք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Նախիջևանիկ գյուղի նռան այգում տրակտորով աշխատողների ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: