ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Այսօր՝ ապրիլի 26-ին, հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։

Ըստ աղբյուրի՝ նիստի օրակարգում սոցիալական ոլորտին առնչվող 2 նախագիծ էր ընդգրկված, որոնք ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը:

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող աշխատանքային օրենսգրքով՝ գործատուների կողմից աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու պարտադիր պահանջը 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցված է: Միաժամանակ նախատեսված է հինգ տարվա ընթացքում աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը, կառավարության սահմանած կարգով ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին` տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:

Օրակարգի հաջորդ հարցը ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր :

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում ամրագրված է, որ եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը:

  • Կիսվել: