Արցախում անվճար իրավաբանական օգնության իրավունք կստանան Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված անձինք
Հոկտեմբերի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացրել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից հավելելով, որ օրակարգում նաև «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման հարցերն էին: Նախագծերի փաթեթն ընդգրկում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և 2 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր:
Օրենքների նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժ. Միրզոյանը, նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում բուժվող անձանց հնարավորություն տալ ստանալու անվճար իրավաբանական օգնություն,որը կտրամադրվի հանրային պաշտպանի նշանակած փաստաբանը, իսկ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հիմք է ստեղծվում հանրային պաշտպանի գրասենյակի համար տրամադրելու անվճար իրավաբանական օգնություն նշված անձանց:
Նախարարի փոխանցմամբ՝միաժամանակ նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության իրավունք վերապահել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված անձանց:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել դրույթ՝ համաձայն որի քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ժամանակ պարտադիր է նաև հանրային պաշտպանի կամ փաստաբանի ներկայությունը, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության համար գումար վճարելու պարտավորությունից դիմողները չեն ազատվի: Փաթեթը, որը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: