երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ. որոշում է կայացվել Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել նրան. Արթուր Հարությունյան

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ. որոշում է կայացվել Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել նրան. Արթուր Հարությունյան

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: Հայտնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն հատուկ նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած խմբակցությունների ղեկավարները:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:

««Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ և որոշում է կայացվել Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել նրան:

Սամվել Սերգեյի Շահրամանյանը ծնվել է 1978թ. դեկտեմբեր 1-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:

2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:

2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:

2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:

2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:

2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:

2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:

2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:

2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։

2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական:

2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։

2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։

1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:

Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:

2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:

2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 3 զավակ»,-նշել է Հարությունյանը:

  • Կիսվել: