կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Այո, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց մենք չենք կորցրել մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը». Արայիկ Հարությունյան

«Այո, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց մենք չենք կորցրել մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը». Արայիկ Հարությունյան

«Քայքայված տնտեսություն եւ ենթակառուցվածքներ, հոսանքազրկված բնակավայրեր, գազի մատակարարման կեսից ավելի կորուստներ, ավելի քան ութ հազար վնասված օբյեկտներ, դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ից բացակա հայրենակիցներ, կապի կայանների անսարք վիճակներ… »,- գնահատելով 2021 թվականը` Արցախի հանրապետության խորհրդարանում, 2022 թվականի բյուջեի նախագծի եզրափակիչ քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, 2022 թվական Արցախը մտնում է 19.500 աշակերտով, ինչը խոսում է ավելի քան 115 հազար բնակչության եւ ընդամենը մոտ 33 հազար բացակա բնակչության մասին, այն պարագայում, երբ ունեցել ենք մոտ 40 հազար տեղահանված: Գլխավոր մարտահրավերն, ըստ նրա, առաջիկա տասնամյակների համար լինելու է ժողովրդագրությունը եւ կրկին հայտարարում է, որ Արցախի խնդիրը կա ու կլինի այնքան ժամանակ, քանի մենք ունենք բնակչության ժողովրդագրական աճի խնդիր:

Վերականգնվել են ենթակառուցվածքները եւ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ասֆալտապատման ողջ ծրագիրն ավարտվելու է: Նույն ժամկետներում կավարտվի նաեւ ջրամատակարարման ծրագիրը. սկսված է Բադարա ջրամբարի կառուցումը, որը Ստեփանակերտը կապահովի անխափան ջրամատակարարմամբ եւ ինչի արդյունքում հրաժարվելու են արտեզյան ջրամատակարարումից:

Շուտով կավարտվի Հիլիսի ջրամբարի վերանորոգումը, որը ջրով կապահովվեն հարակից բնակավայրերը: Արայիկ Հարությունյանի արձանագրմամբ, Արցախում այժմ կա համարյա անխափան աշխատող էներգոհամակարգ, գազամատակարարում, խնդիր կա կապի բնագավառում, քանի որ ադրբեջանական կողմը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, խլացնում է կապը, հարցը խաղաղապահների օգնությամբ չի հաջողվել լուծել, բայց նոր ներդրողը խոստացել է Արցախում ապահովել ամենաժամանակակից կապը՝ ամենաէժան սակագներով:

Նոր ներդրողը «Ղ-տելեկոմը» ձեռք է բերել սեպտեմբերին եւ աշխատանքները հունի մեջ գցելու համար դեռ 1-1,5 ամիս պետք է գալու: Սկսված է մոտ երեք հազար բնակարանների կառուցման ծրագիրը, նախատեսվում է ևս 1000-1500 բնակարանների կառուցում եւ այլն: Արցախի 7-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակեց չորրորդ նստաշրջանի աշխատանքները:

Վերջնական ռեժիմում քննարկվեց եւ քվեարկվեց 2022 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծն ընդունվեց՝ իշխող ուժի մեծամասնության շնորհիվ: Ամենակարեւորը, որն արձանագրում է Արայիկ Հարությունյանը, այն է, որ Արցախին հաջողվել է երկրի մայր օրենքով շարունակել կյանքը. «Այո, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց մենք չենք կորցրել մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը: Այսօր Սահմանադրության համապատասխան ենք գտնվում այստեղ եւ քննարկում երկրի բյուջեն: Մենք ենք ընտրում դա»,-ըստ «Առավոտի»։ 


  • Կիսվել: