շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի վերաբերյալ վերջին հայտարարությանը:

Բեգլարյանն իր տելեգրամյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը՛՛:

Ըստ պետնախարարի՝ ավելի լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին ՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը ՝ հայերի իրավունքների մասին ՛՛մտահոգվելու՛՛ փոխարեն։

՛՛Միգուցե Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ՛՛,-նշել է Բեգլարյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. ՛՛Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքն այլևս չկա՛՛:

  • Կիսվել: