հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի. Դավիթ Սարգսյանը հերքում է hraparak.am-ի հրապարակած տեղեկատվությունը

Այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի. Դավիթ Սարգսյանը հերքում է hraparak.am-ի հրապարակած տեղեկատվությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան էջի գրառման մեջ անդրադարձել է hraparak.am-ի «Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են» վերտառությամբ նյութին:

 Դավիթ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
 
««Հրապարակ»-ը (hraparak.am) ապրիլի 14-ին տարածած «Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են» վերտառությամբ նյութում ի մասնավորի նշել է, թե Ստեփանակերտի քաղաքապետը վերջին շրջանում շատ լարված հարաբերություններ ունի ԱՀ նախագահի հետ, անգամ վիճաբանել են: Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում եմ, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ինչ վերաբերում է որպես այդ պնդման ապացույց ներկայացված փաստին, թե Մարտակերտում շրջանի պատասխանատուների հետ նախագահի հանդիպմանը ես ներկա չէի, մեղմ ասած՝ լուրջ չէ: Խոստովանեմ, որ չեմ մասնակցել նաև Ասկերանում նույն ձևաչափով կայացած հանդիպմանը, այն պարզ պատճառով, որ այդ հանդիպումները նվիրված էին կոնկրետ շրջանների և այնտեղ առկա խնդիրներին, որոնք Ստեփանակերտի հետ որևէ առնչություն չունեն: Փոխարենը, որպես Ստեփանակերտի քաղաքապետ,  մասնակցում եմ այն հանդիպումներին ու քննարկումներին, որտեղ արծարծվում են նաև մայրաքաղաքին առնչվող թեմաներ: Դրանցից վերջինը Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստն էր ապրիլի 9-ին և նույն օրը նախագահի նստավայրում կայացած խորհրդակցությունը՝ պարենային անվտանգության թեմայով: Ակնկալում եմ, որ «Հրապարակ»-ը մասնագիտական պատասխանատվություն կցուցաբերի և կհերքի իր կողմից տարածված, ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկությունը: Խնդրում և հորդորում եմ զերծ մնալ ավելորդ շահարկումներից: Վերջում հավելեմ, որ ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր Ստեփանակերտի իշխանության օրակարգում չպակասող մարտահրավերների դեմ միասնական ուժերով արդյունավետ պայքարն է»:

  • Կիսվել: