շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավդուռում հավատում են հայրենիքի վաղվա օրվան. համայնքապետ

Ավդուռում հավատում են հայրենիքի վաղվա օրվան. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Ավդուռ համայնքի բնակիչները ամուր կառչած են հայրենի հողին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ավդուռի համայնքապետ Վարուժան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գյուղը շատ հին պատմություն ունի. այստեղ մոտ 600 բնակիչ էր ապրում, իսկ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին բնակչության թիվը կրճատվել է։ Այսօր համայնքում 95 մարդ է ապրում։

«Համայնքի դպրոցը կրում է Արցախյան առաջին պատերազմի հերոս Սամվել Սաֆարյանի անունը: Եվ աշակերտներն էլ դաստիարակվում են հերոսների օրինակով։Մանկապարտեզի շենքում գործում է համայնքապետարանը: Ունենք նորակառույց բուժկետ։ Մեր գյուղը փռված է սարերի փեշերին։ Այստեղ մարդիկ հավատում են հայրենիքի վաղվա օրվան։ Եվ հաճախ Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթում են Արցախի խաղաղ երկնքի համար։ 1874 թվականին կառուցված եկեղեցին մեզ համար սրբատեղի է դարձել»,-պատմել է համայնքապետը՝ տեղեկացնելով, որ պատերազմից հետո տեղահանված 21 բնակիչ է հաստատվել գյուղում:

Վ. Գրիգորյանը հավելել է, որ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրով. 5 կմ երկարությամբ ջրային ցանց է կառուցվել: Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց փոքրիկ գյուղը 2 զոհ է տվել:

«Մեր գյուղի բնակչությունը միշտ էլ աչքի է ընկել աշխատասիրությամբ: Գյուղի տարածքում ունենք բերքով հարուստ անտառ. բնությունը ամեն ինչ տվել է ապրելու և արարելու համար: Ունենք 107հա վարելահող, որից 64հա-ն է օգտագործվում: Մարդիկ էլ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Մեզ միայն հարատև խաղաղություն է պետք, որպեսզի շենացնենք մեր հայրենիքը»,-ընդհանրացրել է համայնքի ղեկավարը։

  • Կիսվել: