Աստղաշենում կառուցվող նոր բնակավայրում 95 տեղահանված ընտանիք վիճակահանությամբ տուն է ստացել
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված ընտանիքների համար Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցված տների բաշխման նպատակով, կազմակերպվել է վիճակահանություն։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանձնատների վիճակահանությանը մասնակցել է տեղահանված 95 ընտանիք։
Միջոցառման սկզբում ներկաները խնկարկել են Արցախյան պատերազմների նահատակների հիշատակը։
Օրհնության խոսք է ասել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Այս միջոցառումը միտված է ասելու, որ Արցախը ապրում է, պիտի հզորանա Աստծով՝ հակառակ մեր բոլոր տեսանելի և անտեսանելի թշնամիների։ Արցախը հզորացնելու համար նախ և առաջ պետք է բազմանալ։ Այսօր պետության կողմից հնարավորություն է տրվել աճելու, բազմանալու և Արցախը շենացնելու,որովհետև միայն հզոր Արցախը կարող է դիմակայել թշնամուն»,-ասել է Արցախի թեմի առաջնորդը։
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ հետպատերազմյան այս դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը նշելու լավագույն ձևը բնակարանամուտ տոնելն է։
«Պետական միջոցներով նոր բնակավայրում շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ ևս այստեղ տուն կստանան։ Մենք կորցրածի դիմաց բազմապատիկ անգամ կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարմամբ կարողանանք Արցախը հայկական պահել»,-ընդգծել է պետնախարարը։
ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ կառույցի մեկամյա գործունեության ընթացքում 1000-ից ավելի բնակարան է տրամադրվել շահառուներին։
«Բոլորիս պարտքն է արժանապատիվ ապագա կառուցել մեր սերունդների համար։ Վստահ եմ, որ մեր միասնականությամբ, պայքարելու անկոտրում կամքով և յուրաքանչյուրիս ներուժի օգտագործմամբ կկարողանանք հասնել մեր բաղձալի ապագային»,-ասել է Կոմիտեի նախագահը։
Մեզ հետ զրույցում Ջրաղացների համայնքապետ Արսեն Հայրապետյանն ասել է, որ չորս գործընկերների հետ անձամբ են այցելել ու ծանոթացել բնակավայրի տեղանքին և անմիջապես ընդգրկվել շինաշխատանքներում։
«Այս գյուղում ապրելու մեր բանաձևը՝ մեկը մյուսի հանդեպ սերն ու հարգանքն են լինելու։ Եթե այսքանից հետո չկարողանանք դրանց շուրջ համախմբվել, ապա այսքան արածն ափսոս է»,-հավելել է նա։
Շահառու Հենրիկ Ոսկանյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել առանձնատների կառուցման գործում։ Առանձնատները տրամադրվում են համապատասխան գույքով կահավորված։ Բացի այդ բնակիչները հնարավորություն կունենան զբաղվել գյուղատնտեսությամբ։
Միջոցառմանը ազգագրական երգերի կատարմամբ է հանդես եկել Արցախի «Մենք ենք,մեր սարերը» պետական համույթը: