շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասկերանի շրջանում շինարարական եռուզեռ է. շրջվարչակազմի ղեկավարը պատմում է կատարվող աշխատանքների մասին

Ասկերանի շրջանում շինարարական եռուզեռ է. շրջվարչակազմի ղեկավարը պատմում է կատարվող աշխատանքների մասին

ԱՀ Ասկերանի շրջանում լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, վերացվում պատերազմի թողած հետքերը։

Շրջանում կատարվող աշխատանքների, լուծում պահանջող խնդիրների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ:

«Ասկերանի շրջանում լայն թափով իրականանում են տեղահանվածների համար նոր թաղամասերի կառուցման շինաշխատանքները: Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. բնակավայրը կունենա 210 տնտեսություն: Հովսեփավան համայնքի վարչական տարածքում ևս նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նույն տեմպերով շինաշխատանքներ են ընթանում նաեւ Իվանյան համայնքի տարածքում՝ մի քանի վայրերում միաժամանակ. կառուցվում են նոր թաղամասեր: Քռասնիում էլ կառուցվում է 216 բնակարան»,-ներկայացրել է Հ. Ապրեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանի շուրջ 403 բնակելի տներ վնասներ են կրել, իսկ շրջկենտրոնում յոթ առանձնատուն է վնասվել. վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է շինանյութ:

«Ասկերան քաղաքի ազատ բնակֆոնդից 26 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված մեր հայրենակիցներին: Ազատ բնակֆոնդում ունենք ևս 28 տուն, որոնք վերանորոգելուց հետո հնարավոր կլինի տրամադրել տեղահանված այլ ընտանիքների: Այդ ընտանիքները տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից ստացել են աջակցություն` սննդի, հիգիենայի պարագաների, առաջին անհրաժեշտության իրերի տեսքով»,-նշել է նա:
Բնութագրությունը հասանալի չէ

Շրջվարչակազմի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Ասկերան քաղաքում փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում:

Հ. Ապրեսյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով այցելություններ է կատարում շրջանի տարբեր գյուղեր, տեղում ծանոթանում առկա խնդիրներին, բնակիչներին հուզող հարցերին, ծրագրեր քննարկում և նախանշում անելիքները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պարբերաբար այցելում եմ Շոշ, Մխիթարաշեն, Սզնեք, Խանցք, Հիլիս, Խնձրիստան և շրջանի մնացած գյուղեր: Կան համայնքներ, որտեղ արտաքին լուսավորության, նոր արտեզյան ջրհորի կառուցման, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման խնդիրներ կան: Սակայն մեր ամենաառաջին ու հրատապ լուծում պահանջող խնդիրը բնակչության անվտանգությունն է, մնացած հարցերն ու խնդիրները ժամանակի ընթացքում, անպայման, կլուծվեն»,-ընդհանրացրել է շրջվարչակազմի ղեկավարը:

  • Կիսվել: