կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկու ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորման ծրագրից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 133 անձ

Երկու ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորման ծրագրից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 133 անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրից օգտվել է 133 անձ։ Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով Արցախից  բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող առաջակցության ընթացքը։

Նշենք, որ սա պետական աջակցության ծրագիր է, որն ապահովում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց զբաղվածությունը, ինչպես նաև նախատեսում է մասնագիտական ուսուցում։ Ծրագրով նախատեսված է երեք բաղադրիչ: Առաջինն ապահոում է մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդը` վճարովի պրակտիկա և աշխատանք, իսկ երրորդը` մասնագիտական ուսուցում, աշխատանքային վճարովի պրակտիկա և աշխատանք։

Սարգսյանը նշեց. «Ծրագրին մասնակցելու համար կարևոր է ԼՂ–ից բռնի տեղահանված լինելու փաստը, ինչպես նաև վերջին 1 ամսում որևէ աշխատանք չունենալը։ Այլ սահմանափակումներ չկան։ Անձը կարող է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակ, որտեղ նրան խորհրդատվություն կտրամադրեն ու կուղղորդեն։ Ներկայում ավելի քան 1000 անձ հետաքրքրվել է ծրագրով ու նրանցից 133-ն էլ օգտվել դրանից»։

Նա նաև հավելեց, որ այն անձինք, որոնք միայն աշխատանք են ցանկանում գտնել, նույնպես կարող են մոտենալ ՄՍԾ տարածքային գրասենյակ, որտեղ կարիքները կգնահատվեն ու դրանից հետո առկա բազայից աշխատանք կառաջարկվի։ Այս պահին 1618 անձ աշխատանք է գտել տվյալ մեխանիզմով։

  • Կիսվել: