հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխատանքային այցով Ստեփանակերտում է Կապանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Աշխատանքային այցով Ստեփանակերտում է Կապանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ստեփանակերտ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, պատվիրակությանը դիմավորել են մայրաքաղաքի մատույցներում:

Բնութագրությունը հասանալի չէ

Այնուհետև այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմների անմահ զոհերի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել է, որ աշխատանքային այցով առաջին անգամ է Ստեփանակերտում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ինձ հետ միասին Արցախ են այցելել քաղաքապետի երեք տեղակալները, Կապանի համայնքապետարանի արտաքին կապերի և տնտեսական զարգացման բաժնի պետը, մշակութային և սպորտի ոլորտների պատասխանատուներ:

Եկել ենք Արցախ աշխարհ՝ հաստատելու և հիմնելու մշակութային, սպորտային, գյուղատնտեսության ոլորտի կապեր, որոնք կփորձենք զարգացնել»,-ասել է Գ. Փարսյանը:

Քաղաքապետը կարևորել է այս դժվար ժամանակահատվածում Արցախի և Սյունիքի միջև կապերի ու փոխհամագործակցության ստեղծումը:

«Պատմությունը մեզ հուշում է, որ մենք տարբեր ժամանակահատվածներում ունեցել ենք գրեթե նույն կարգավիճակը, անցել ենք պատմության նույն ծանր ուղիներով և միշտ եղել ենք միասնական, և հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում պետք է ավելի քան միասնական լինենք: Համագործակցության շրջանակներում կսկսենք գործնական փոխայցեր, որի շրջանակներում ինչպես մեր բնակիչները կայցելեն Արցախ, այնպես էլ արցախցիները՝ Սյունիք, մասնավորապես՝ Կապան»,-մասնավորապես նշել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: