ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ասֆալտապատվում են Հաթերքի ներհամայնքային ճանապարհները. գյուղում կարող է հաստատվել շուրջ 100 ընտանիք

Ասֆալտապատվում են Հաթերքի ներհամայնքային ճանապարհները. գյուղում կարող է հաստատվել շուրջ 100 ընտանիք

Ասֆալտապատվում են Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի գյուղամիջյան ճանապարհները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հողային աշխատանքները սկսվել էին մեկ ամիս առաջ, իսկ ասֆալտապատման գործընթացը՝ հուլիսի 5-ից. մոտ 1 կլմ ճանապարհ արդեն ասֆալտապատվել է: Աշխատանքները կընթանան երկու փուլով. առաջին փուլում նախատեսվում է ասֆալտապատել մինչև գյուղի դպրոց տանող ճանապարհը, իսկ երկրորդ փուլում՝ Հաթերք-Զագլիկ ճանապարհը: Հաթերք-Զագլիկ ճանապարհի հողային աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշել է Վ. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղացիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:

«Գյուղն ունի 1600 բնակիչ: Դպրոցը՝ 300 աշակերտներով, վերաբացվել է նոյեմբերի 24-ին. հանրապետության՝ պատերազմից հետո վերաբացված առաջին դպրոցն է։ Ունենք երկու մանկապարտեզ, որոնք նույնպես վերաբացվել են նոյեմբերի 24-ին: Երկու մանկապարտեզներ, ընդհանուր առմամբ, հաճախում է 100 երեխա: Առաջին մանկապարտեզը երկհարկանի է, որտեղ տեղակայված է գյուղի բուժկետը: Ունենք երկու հանդիսությունների սրահ. մեկը վերանորոգված է, իսկ մյուսը վերանորոգման կարիք ունի: Պատերազմական գործողությունների պատճառով ավերվել է մեկ տուն, շուրջ 35 տուն մասնակի վնասներ են կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում 26 ընտանիք է վերաբնակեցվել. ևս 100-ից ավելի ընտանիքների կարող ենք ընդունել: Շուրջ 30 տուն վերանորոգվել է տեղահանվածներին տրամադրելու համար. ևս 30-ը ընթացքի մեջ է»,- տեղեկացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա իրազեկել է նաև, որ գյուղն ապահովված է բարձր ճնշմամբ շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով: Գյուղը գազաֆիկացված չէ, որովհետև էլեկտրաէներգիայի պայմաններն այնքան լավ են, որ գազի կարիք չի զգացվում: Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին, Վ. Գրիգորյանը հավաստիացրել է, որ գյուղացիները շարունակում են արարել սեփական հողի վրա, նրանց զբաղվածության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, մեղվաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

Շուրջ 26 հա կարտոֆիլի ցանքատարածություն կա գյուղում, որտեղ աշխատում են գյուղացիները: Գյուղի տարածքում 5 ՀԷԿ է գործում. գյուղացիների մի մասն էլ այնտեղ է աշխատում:

  • Կիսվել: