չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի պահպանողական կուսակցության անդամների հետ

Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի պահպանողական կուսակցության անդամների հետ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Արցախի պահպանողական կուսակցության անդամների հետ:

Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նոր ծրագրի մասին, ըստ որի՝ հանդիպումներ է կազմակերպում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև 2020 թվականին կայացած ԱՀ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուների հետ:

Ա. Թովմասյանի խոսքով՝ օրակարգում ընդգրկված է երեք հարց. Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի էլ ավելի հզորացում:

«Եթե Արցախում գործունեություն ծավալող բոլոր քաղաքական ուժերը և բնակիչները միևնույն տեսակետն ունենան Արցախյան հիմնախնդրի շուրջ, ապա մենք միասին ավելի հեշտ կդիմակայենք առկա մարտահրավերներին: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ պիտի ասեմ, որ բոլորիս երազանքն է, որ Թուրքիան դառնա քաղաքակիրթ պետություն և առերեսվի իր պատմության հետ: Երրորդ կարևոր խնդիրը առաջնագծի էլ ավելի հզորացումն է: Համոզված եմ, որ բոլորիս համար շատ կարևոր նախապայման է մեր երկրի անվտագության հարցը: Մեր հաջողությունը կայանում է նրանում, որ, անկախ քաղաքական հայացքներից, պատերազմի ժամանակ դառնում ենք միակամ և կերտում նոր հաղթանակներ»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

Անդրադառնալով օրենսդրական աշխատանքներին՝ ԱՀ ԱԺ ն ախագահը նշել է, որ Խորհրդարանը պետք է դառնա ժողովրդի հայելին: Այս առումով Խորհրդարանը բաց է լինելու ոչ միայն Արցախում ապրողների, այլև՝ աշխարհի տարբեր վայրերում հաստատված պատրաստակամ մարդկանց համար:

Ա. Թովմասյանն ավելացրել է նաև, որ Արցախի պահպանողական կուսակցության անդամներին ընդգրկելու է Արցախ-Ֆրանսիա և Արցախ-Կանադա բարեկամական խմբերում:

Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Թովմասյանին նման ձևաչափով հանդիպումներ նախաձեռնելու համար:

Ըստ Դ. Բաբայանի ևս՝ անկախ քաղաքական տեսակետներից՝ կան հարցեր, որտեղ պետք է միասնական լինել: Դրանցից են ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, հայկական կապերը տարբեր կառույցների հետ, Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայոց ազգային ինքնության պահպանումը և այլն: «Մենք ցանկանում ենք, որ նման ձևաչափը պարբերական բնույթ կրի, որի ընթացքում հանդես կգանք առաջարկներով, խորհուրդներով: Կարծում եմ՝ համազգային հարցերի շուրջ կունենանք հստակ եզրահանգումներ, որն էլ ավելի կհեշտացնի աշխատանքը: Մենք պատրաստակամ ենք ազգային մտածողություն ունեցող քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունենալու և ողջամիտ որոշումներ կայացնելու հարցում»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը:

Հանդիպման ընթացքում ներկաները կիսվել են իրենց կարծիքներով:

  • Կիսվել: